15 նոյեմբերի 2022 - 13:53 AMT
Մարմնամարզիկ Դավթյանը 10 մլն դրամ կստանա աննախադեպ չեմպիոնության համար

Մարմնամարզիկ Արթուր Դավթյանը՝ աննախադեպ չեմպիոնության համար, կառավարությունից կստանա 10,000,000 դրամ միանվագ, իսկ դեկտեմբերից՝ ամեն ամիս ավելի քան 1 միլիոն 300 հազար դրամ: Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Սիսակ Գաբրիելյանը:

«Շնորհակալ ենք, եղբա՛յր, արժանի ես: Այս պահին յուրաքանչյուր ամիս կառավարությունից 1 միլիոն դրամ և ավելի գումար է ստանում մոտ 60 մարզիկ: 500 հազարից մինչև 1 միլիոն՝ 70 մարզիկ: 2023-ի բյուջեով մոտ 500 միլիոն դրամ կհատկացվի սպորտում մեծ նվաճումերի հասած մարզիկների խրախուսման համար:

Սա աննախադեպ է անկախ Հայաստանի պատմության մեջ, սա արդյունքն է 2018-ից ոլորտում կատարվող բարեփոխումներրի, սա պետության և մեր գնահատանքն է Հայաստանին hաղթանակ պարգևած մեր մարզիկներին:

Հ.Գ. Շնորհակալություն ՀՀ բյուջեն հարստացնող բոլոր օրինապահ հարկատուներին»,- գրել է նա:

Նոյեմբերի սկզբին Եվրոպայի չեմպիոն, Օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր Արթուր Դավթյանն Անգլիայի Լիվերպուլ քաղաքում սպորտային մարմնամարզության աշխարհի առաջնության հենացատկի եզրափակչում ոսկե մեդալ է նվաճել՝ հավաքելով 15,000 միավոր: Դավթյանն անկախ Հայաստանի առաջին մարմնամարզիկն է, որ նվաճում է աշխարհի չեմպիոնի տիտղոսը։