15 նոյեմբերի 2022 - 17:37 AMT
Globbing-ը, ONEX-ն ու Ber-Ber-ը տուգանվել են ընդհանուր 83 մլն դրամով

Մրցակցության պաշտպանության հանձնաժողովը հասարակության մոլորեցման դրսևորումներով անբարեխիղճ մրցակցության համար պատասխանատվության միջոցներ է կիրառել արտասահմանից ՀՀ առաքման ծառայություններ մատուցող «Գլոբալ Շիփփինգ» ՍՊԸ-ի (Globbing), «Օնէքս» ՍՊԸ-ի (ONEX), «Հայփոստ» ՓԲԸ և «Հայփոստ Յու Էս Էյ Քորպ.» կորպորացիա» անձանց խմբի (Ber-Ber ծառայություն) նկատմամբ:

Վարույթների քննության արդյունքում արձանագրվել է, որ տնտեսավարողներն առաքումների ժամկետների առնչությամբ կատարված հրապարակումներում տեղեկությունը ներկայացրել են այն ձևով, որն առաջացրել է թյուր տպավորության (ապակողմնորոշման) ստեղծման հնարավորություն, առաքումների իրական ժամկետի վերաբերյալ սպառողին ամբողջական պատկերացում կազմելու հնարավորություն չեն տվել, ինչպես նաև իրականացրել են օրենքին հակասող գովազդներ:

Արդյունքում Հանձնաժողովի նոյեմբերի 8-ի որոշումներով «Գլոբալ Շիփփինգ»-ի նկատմամբ նշանակվել է ընդհանուր 61,741,125 դրամի, «Օնէքս»-ի հանդեպ` 18,311,294 դրամի և «Հայփոստ» ՓԲԸ և «Հայփոստ Յու Էս Էյ Քորպ.» կորպորացիա» անձանց խմբի՝ 2,880,192 դրամի տուգանք: ‌