17 նոյեմբերի 2022 - 12:17 AMT
Դոնֆրիդ․ ՀՀ և Ադրբեջանի միջև կայուն խաղաղության հասնելու պատմական հնարավորություն կա

ԱՄՆ Սենատի արտաքին հարաբերությունների հանձնաժողովում «Կովկասում ԱՄՆ-ի քաղաքականության գնահատականը» վերտառությամբ լսումներին, որոնք նախագահում էր սենատոր Ռոբերտ Մենենդեսը, որպես պատասխանող կողմ հանդես եկող Եվրասիայի հարցերով ԱՄՆ փոխպետքարտուղար Քերեն Դոնֆրիդն ասել է, որ ՀՀ և Ադրբեջանի միջև հակամարտության կարգավորման համար պատմական հնարավորություն կա։

«Մենք ականատես ենք եղել ավելի քան երեք տասնամյակ շարունակվող հակամարտությանը Հայաստանի և Ադրբեջանի միջև, սակայն այսօր երկու երկրից էլ լսում ենք, որ առկա է պատմական հնարավորություն տարածաշրջանում կայուն խաղաղությանը հասնելու համար»,- ասել է Դոնֆրիդը, հայտնում է «Ամերիկայի ձայնը»։

Փոխպետքարտուղար Դոնֆրիդի խոսքով՝ այսօր Հայաստանի հետ ԱՄՆ-ի հարաբերություններն ամուր են, քան երբևէ, իսկ Ադրբեջանին տրամադրվող անվտանգության ոլորտի ամերիկյան օժանդակությունը բխում է ԱՄՆ-ի ազգային շահերից:

«Մենք ապահովում ենք ոչ մահաբեր սահմանային անվտանգություն, որը նշանակալի արդյունքներ է տվել Իրանից եկող վերազգային սպառնալիքներին հակազդելու և դեպի Հարավային Կովկաս և Եվրոպա մաքսանենգության ճանապարհները խափանելու համար»,- ասել է նա:

ԱՄՆ Սենատում կազմակերպված «Կովկասում ԱՄՆ քաղաքականության գնահատականները» քննարկման ժամանակ կառույցի արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Ռոբերտ Մենենդեսը Կովկասյան բանակցությունների հարցերով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերին և ԱՄՆ պետքարտուղարի եվրոպական և եվրասիական հարցերով տեղակալ Քերըն Դոնֆրիդին հարցրել է, թե արդյոք նրանք գիտեն Ադրբեջանի կողմից արգելված զինատեսակների՝ կասետային ռումբերի և սպիտակ ֆոսֆորի կիրառման մասին։

«Մենք ոչինչ չենք արել կասետային զինամթերքի, սպիտակ ֆոսֆորի տեսագրությունները և ապացույցները ստուգելու համար, որոնք անօրինական են։ Մենք ոչինչ չենք արել հայ զինվորների մահապատժի, կին հայ զինվորներին բռնության ենթարկելու տեսանյութերը ճշտելու համար։ Մենք ոչինչ չենք արել»,- ասել է սենատոր Մենենդեսը։