18 նոյեմբերի 2022 - 15:27 AMT
Նախարար․ Հայկական արբանյակն ամբողջությամբ պատրաստ է շահագործման

ՀՀ բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար Ռոբերտ Խաչատրյանը հայտարարել է, որ հայկական առաջին արբանյակը թեստավորման արդյունքում դրական արդյունքներ է ցույց տվել և ամբողջությամբ պատրաստ է շահագործման։

Նա նշել է, որ այժմ աշխատանքներ են տարվում կառավարման կենտրոնի կառուցման ուղղությամբ, որը հնարավորություն կտա արբանյակն ամբողջությամբ կառավարել Հայաստանից, հայտնում է Factor.am-ը։

Նախարարը հավելել է, որ մոտ ժամանակներս Հայաստան կայցելի աշխատանքային խումբ, որը կզբաղվի կառավարման կենտրոնի մոնտաժային աշխատանքներով: Սարքավորումների մեծ մասն արդեն ներկրվել է Հայաստան, համապատասխան մասնագետներն անցնում են վերապատրաստման աշխատանքներ:

«Կառավարման կենտրոնը մեզ հնարավորություն կտա արբանյակն ամբողջությամբ կառավարել Հայաստանից՝ մեր մասնագետների միջոցով: Այս ծրագրի հիմնական նպատակը Հայաստանում տիեզերական տեխնոլոգիաներին առնչվող կարողությունների զարգացումն էր: Գործընթացին մասնակցելու առումով բավականին մեծ հետաքրքրություն կա հայաստանյան ընկերությունների կողմից. 10-ից ավելի ընկերություն մասնակցելու հետաքրքրություն է ցուցաբերել,- նշել է Խաչատրյանը։

Նախարարը նաև ընդգծել է, որ նպատակ կա Հայաստանում զարգացնել նաև արբանյակաշինությունը: Նրա դիտարկմամբ՝ արբանյակաշինության զարգացումը Հայաստանի համար շատ նպաստավոր կլինի, զարկ կտա միաժամանակ մի քանի ոլորտի զարգացման:

«Հայաստանում արդեն կային գործող ընկերություններ, որոնք ինչ-որ կերպ առնչվում էին տիեզերական տեխնոլոգիաներին, և այս նախագիծը հնարավորություն տվեց մեզ համար բացահայտել այդ ընկերությունների կարողությունները»,-նշել է Խաչատրյանը:

SATLANTIS ընկերության գլխավոր տնօրեն Խուան Թոմաս Հերնանին իր հերթին ասել է, որ Հայաստանը հնարավորություն ունի արբանյակն ամբողջությամբ կառավարել սեփական ուժերով, գրում է Factor.am-ը։

«Կառավարման կենտրոնը երկու կարևոր գործառույթ է իրականացում: Առաջինն այն է, որ կառավարման կենտրոնում տվյալները ներբեռնվում են, երկրորդն այն է, որ ամբողջ տվյալների բազան ներբեռնվում է, և այդ բազան կարող է գործածվել՝ հետագայում կիրառվելով նաև կառավարության կողմից»,- նշեը Հերնանին՝ ընդգծելով, որ սա շատ կարևոր առաջընթաց է:

Հայկական առաջին արբանյակը գործարկվել է մայիսի 25-ին, ԱՄՆ-ից։