Կառավարությունն անհետաձգելի է համարել քաղաքացիների եկամուտների հայտարարագրման նախագիծը և ուղարկել ԱԺ։ Այդ մասին ֆեյսբուքյան իր էջում գրել է ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի փոխնախագահ Բաբկեն Թունյանը։
ՀՀ կառավարությունը նոյեմբերի 18-ի նիստում հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» և «Վարչական իրավախախտումների վերաբերյալ Հայաստանի Հանրապետության օրենսգրքում փոփոխություն և լրացում կատարելու մաuին» ՀՀ օրենքների նախագծերի վերաբերյալ Հայաստանի Հանրապետության կառավարության օրենսդրական նախաձեռնությանը:
Նախագծերի փաթեթով Հայաստանում ներդրվում է ֆիզիկական անձանց եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգ:
«Նախագիծը կքննարկվի ԱԺ տնտեսական հարցերի մշտական հանձնաժողովի՝ դեկտեմբերի 5-ի արտահերթ նիստում և դրական եզրակացություն ստանալու դեպքում՝ առաջին ընթերցմամբ կքննարկվի ԱԺ դեկտեմբերի 6-ին մեկնարկող լիագումար նիստում:
Մինչև հանձնաժողովի նիստը կկազմակերպվի աշխատանքային քննարկում, որին կհրավիրվեն նաև անկախ փորձագետներ:
Իսկ առաջին ընթերցումից մինչև երկրորդն ընկած ժամանակահատվածում կկազմակերպվեն խորհրդարանական լսումներ:
Համակարգը ներդրվելու է 2023 թվականից, փուլային տարբերակով: Առաջին հայտարարագրերը կլրացվեն 2024 թվականի սկզբին:
Նախագծերի փաթեթը և հիմնավորումները ներկայացված են e-gov.am կայքի՝ կառավարության նոյեմբերի 17-ի նիստի օրակարգում (34-րդ կետ)»,-ասվում է գրառման մեջ։
Կառավարությունը նոյեմբերի 17-ի նիստում որոշել է, որ 2023-ից սկսած Հայաստանում ներդրվում է եկամուտների համընդհանուր հայտարարագրման համակարգը: Այն կիրականացվի 3 փուլով և կավարտվի 2025-ին: Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը, ներկայացնելով նախագիծը, հայտնել է, որ հայտարարագիրը պետք է նախալրացվի հարկային մարմնի կողմից:
Ընթերցեք նաև․ ՀՀ բոլոր քաղաքացիները եկամուտների հայտարարագիր պետք է ներկայացնեն, հակառակ դեպքում՝ 20-300,000 դրամի կտուգանվեն