19 նոյեմբերի 2022 - 12:09 AMT
Ամերիկայի հայկական համագումարը Փելոսիին Մորգենթաուի անվան մրցանակ է շնորհել

Փելոսին իր պատվին Ամերիկայի հայկական համագումարի կազմակերպած միջոցառմանը, կառույցի հիսուներորդ տարեդարձի կապակցությամբ, ասել է, որ մոտ կես դար շարունակ Ամերիկայի հայկական համագումարը անգնահատելի օղակ է հանդիսացել Ամերիկայի և Հայաստանի միջև կապերն ամրապնդելու համար։

«Այս պարգևը ցուցադրման կդրվի Կոնգրեսում որպես մեր ժողովուրդների միջև բարեկամության և մեր երկրում համագումարի առաջնորդության կարևոր խորհրդանիշ: Ինչպես գիտեք, ես պատիվ եմ ունեցել վերջերս այցելել Հայաստան՝ որպես Ներկայացուցիչների պալատի առաջին խոսնակ, ով երբևէ ժամանել է այստեղ»,- հայտարարել է նա, հայտնում է «Ամերիկայի ձայնը»:

Խոսելով իր գլխավորած պատվիրակության Հայաստան կատարած այցի մասին՝ խոսնակը հիշատակել է նաև Հայաստանի առջև ծառացած անվտանգության ոլորտի մարտահրավերները: Նա շեշտել է, որ անվտանգությունը կարևոր է ժողովրդավարության զարգացման համար:

Ավելի վաղ Փելոսին ամփոփիչ հայտարարություն է տարածել իր գլխավորած կոնգրեսական պատվիրակության հայաստանյան այցի մասին` պատմելով Հայաստանի հանդեպ Միացյալ Նահանգների հանձնառության և Հայաստանի ժողովրդավարությանն ու անվտանգության աջակցելու` Երևանում հղած իր հզոր ուղերձի մասին։ Հայտարարությունը հրապարակվել է Ներկայացուցիչների պալատի խոսնակի պաշտոնական կայքէջում։

ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի խոսնակը ՀՀ երկօրյա ացի շրջանակում հանդիպումներ է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ԱԺ խոսնակ Ալեն Սիմոնյանի, ՊՆ ղեկավար Սուրեն Պապիկյանի, ընդդիմության ներկայացուցիչների հետ, այցելել է Ծիծեռնակաբերդ և ելույթ է ոեւնեցել «Գաֆեսճյան արվեստի կենտրոնում»։ Ասուլիսում, պատասխանելով ռազմական աջակցության մասին հարցին, նա ասել է, որ ԱՄՆ-ում մտահոգ են ՀՀ անվտանգության հարցերով և ցանկանում են հնարավորինս ավելի աջակից լինել այդ հարցում։