19 նոյեմբերի 2022 - 13:17 AMT
Մեծամորի 12 բնակավայրում վերակառուցվում են խորքային հորերը․ Ոռոգելի տարածքը կկազմի 835 հա

Պետություն-համայնք համաֆինանսավորմամբ իրականացվող սուբվենցիոն ծրագրի շրջանակում Արմավիրի մարզի Մեծամոր համայնքի 12 բնակավայրում՝ Տանձուտ, Հայկավան, Երասխահուն, Վարդանաշեն, Զարթոնք, Արտաշար, Տարոնիկ, Մրգաշատ, գ.Արմավիր, Արգավանդ, Բամբակաշատ, Արազափ, վերակառուցվում են խորքային հորերը։

Իրականացվող աշխատանքների արդյունքում ոռոգելի տարածքը կկազմի 835 հեկտար, ոռոգման համակարգից օգտվող տնային տնտեսությունների թիվը՝ 203։

Ծրագրի բոլոր 15 ենթածրագրերի ընդհանուր պայմանագրային արժեքը 238.35 մլն դրամ է, որի 40%-ը համաֆինանսավորվում է համայնքի, իսկ 60%-ը՝ պետության կողմից:

Տանձուտ, Հայկավան, Վարդանաշեն, Տարոնիկ, Մրգաշատ, գ.Արմավիր, Արազափ բնակավայրերում կապալառու ընկերությունը «ՀԻԴՐՈՄԱՇ ՍԵՐՎԻՍ» ՍՊԸ-ն է, իսկ Երասխահուն, Զարթոնք, Արգավանդ, Բամբակաշատ բնակավայրերում՝ «ԿԱՐՍԻՐ» ՍՊԸ-ն։

Ծրագրով նախատեսվում է վերակառուցել 12 բնակավայրի 15 խորքային հոր, իրականացնել ընդամենը 1740 մետր երկարությամբ խողովակի իջեցում։

Ընթացքի մեջ են Տանձուտ բնակավայրի «Խնձորներ», Հայկավան բնակավայրի «Թավաբլուրի», Երասխահուն բնակավայրի «Ախմեյան» (Ակադեմիայի), Վարդանաշեն բնակավայրի «Դեղձեր», «Ժորժիկի», Զարթոնք բնակավայրի «Գործարանի բաց», «Գործարանի փակ», Արտաշար բնակավայրի «Ավազահանքի», «Խդոյի», Տարոնիկ բնակավայրի «Աղբանոցի», «Ցանկապատի», Մրգաշատ բնակավայրի «Ճլլիկներ», Արմավիր բնակավայրի «Նարյադի», Արգավանդ բնակավայրի «Թոփերի», Բամբակաշատ բնակավայրի «Պոպոքի», Արազափ բնակավայրի «Գուգուշի» խորքային հորերի վերակառուցման աշխատանքները։