19 նոյեմբերի 2022 - 14:29 AMT
Արցախում քննարկել են Ադրբեջանի ագրեսիվ վարքը երկրի խաղաղ բնակչության նկատմամբ

Արցախի Հանրապետության նախագահ Արայիկ Հարությունյանը նոյեմբերի 19-ին հրավիրել է աշխատանքային ընդլայնված խորհրդակցություն՝ Ազգային ժողովի քաղաքական ուժերի ներկայացուցիչների մասնակցությամբ, որտեղ քննարկվել է Ադրբեջանի կողմից Արցախի խաղաղ բնակչությաննկատմամբ շարունակաբար դրսևորվող ագրեսիվ վարքը:

Հանդիպմանը մասնակցել են նաև ԱԺ նախագահ Արթուր Թովմասյանը, պետական նախարար Ռուբեն Վարդանյանը, ԱՀ նախագահի աշխատակազմի ղեկավար Կարեն Շահրամանյանը, ԱԽ քարտուղար Վիտալի Բալասանյանը, ԱԳ նախարար Դավիթ Բաբայանը, պաշտոնատար այլ անձինք:

Քննարկվել են Արցախի Հանրապետության շուրջ արտաքին քաղաքական վերջին զարգացումները։ Խորհրդակցության մասնակիցները իրենց մտահոգություններն են արտահայտել ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակի վերաբերյալ, մտքեր են փոխանակվել իշխանությունների կողմից ձեռնարկվելիք քայլերի շուրջ, հայտնում է ԱՀ նախագահի մամուլի ծառայությունը։

Նոյեմբերի 18-ին` ժամը 12:15-ին, Հացի գյուղի 43-ամյա բնակիչ Իգոր Աբրահամյանը ոստիկանության Մարտունու շրջանային բաժին է դիմել ահազանգով, որ Հացի գյուղի վարչական տարածքի «Կաղնուն տակ» կոչվող տեղամասում «Բելառուս» մակնիշի տրակտորով գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնելիս, հարակից ադրբեջանական մարտական դիրքից հրաձգային զինատեսակներից կրակ է արձակվել իր ուղղությամբ։

Նոյեմբերի 16-ին` ժամը 14:30-ին, Ասկերանի շրջանի Սարուշեն գյուղի 36-ամյա բնակիչը ոստիկանության Մարտունու շրջանային բաժնի Կարմիր շուկայի բաժանմունք է դիմել այն մասին, որ ժամը 11:40-ի սահմաններում Ամարասի հովտում գտնվող Սարուշեն համայնքին պատկանող գյուղատնտեսական հողատարածքներում աշխատանքներ իրականացնելիս ադրբեջանական բանակի ծառայողները հարակից մարտական դիրքից հրաձգային տարբեր զինատեսակներից անկանոն կրակ են բացել դաշտում աշխատող քաղաքացիների ուղղությամբ։