21 նոյեմբերի 2022 - 13:45 AMT
ՌԴ մաքսային ծառայության ղեկավարի հետ հանդիպմանը քննարկվել է Վերին Լարսում ստեղծված իրավիճակը

ՀՀ պաշտոնյաները Մոսկվայում Ռուսաստանի մաքսային ծառայության ղեկավար Վլադիմիր Բուլավինի հետ հանդիպմանը քննարկել են Վերին Լարսում ստեղծված իրավիճակը՝ կարևորելով ընթացիկ խնդիրների օպերատիվ լուծումները:

Հայկական կողմից հանդիպմանը մասնակցել են ՊԵԿ նախագահի տեղակալ Աշոտ Մուրադյանը, ՌԴ-ում ՀՀ արտակարգ և լիազոր դեսպան Վաղարշակ Հարությունյանը և ՌԴ-ում ՀՀ դեսպանությանը կից մաքսային կցորդ Վահան Հակոբյանը։

Ներկայացվել է մաքսային կցորդի գործունեության կարևորությունը՝ ՌԴ մաքսային ծառայության աշխատանքներում, ինչպես նաև տնտեսվարողներին աջակցություն ցուցաբերելու հարցում։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել նաև Վերին Լարս անցակետի վերակառուցման և արդիականացման ընթացիկ աշխատանքներին, որի ավարտին տնտեսվարողները հնարավորություն կունենան ստանալու նոր որակի և ժամանակի պահանջներին համահունչ ծառայություններ։

Ուկրաինայում պատերազմի հետևանքով բեռների մի մասը սկսել են ցամաքային ճանապարհով, Լարսով, տեղափոխել Ռուսաստան, ինչը բազմակիլոմետրանոց հերթեր է առաջացրել մաքսակետում, ինչպես նաև ճանապարհի վրացական հատվածում։

Ղրիմի կամրջի վրա տեղի ունեցած պայթյունից հետո ռուսական կողմից Վերին Լարս անցակետում վերահսկողության խստացումը հանգեցրել է նոր բազմակիլոմետրանոց հերթերի, քանի որ համապատասխան ծառայությունները շատ ավելի մանրակրկիտ ու երկար են ստուգում մեքենաները։