22 նոյեմբերի 2022 - 12:26 AMT
Մարուքյան․ Ամենօրյա հարձակումներով է Բաքուն «խաղաղություն» առաջարկում ՀՀ-ին

Հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանը, անդրադառնալով Ադրբեջանի կողմից վերջին շրջանում հաճախակի դարձած հրադադարի խախտումներին, նշել է, որ այդ հարձակումներով է Ադրբեջանը «խաղաղություն» առաջարկում ՀՀ-ին։ Այդ մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում։

«Մեր առավոտները սկսվում են ժողովրդավարական Հայաստանի վրա Ադրբեջանի ամենօրյա հարձակումների մասին տեղեկություններով։ Այդ հարձակումներով է Ադրբեջանը «խաղաղություն» առաջարկում ՀՀ-ին։ Համաշխարհային հանրությունը լուռ հետևում է այս աբսուրդին։ Խոսքեր չունեմ ասելու․․․»,-ասվում է գրառման մեջ։

Նոյեմբերի 21-ին՝ ժամը 22:45-ին, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել հայ-ադրբեջանական սահմանի արևելյան հատվածում տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ: Հայկական կողմը կորուստներ չունի, հայտնում է պաշտպանության նախարարությունը։

Իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանագոտում սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ագրեսիայից հետո մնում է լարված։