23 նոյեմբերի 2022 - 10:56 AMT
Պատրուշևը ժամանել է Երևան

ՌԴ անվտանգության խորհրդի քարտուղար Նիկոլայ Պատրուշևը ժամանել է Երևան։ Այդ մասին հայտնել է ՌԴ ԱԽ աշխատակազմի մամուլի ծառայությունը։

Երևանում Պատրուշևը կմասնակցի ՀԱՊԿ արտաքին գործերի նախարարների խորհրդի, պաշտպանության նախարարների խորհրդի և Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության (ՀԱՊԿ) Անվտանգության խորհուրդների քարտուղարների կոմիտեի համատեղ նիստին, հայտնում է ՌԻԱ Նովոստին։

Նոյեմբերի 23-ին Երևանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի նախագահությամբ տեղի կունենա ՀԱՊԿ Հավաքական անվտանգության խորհրդի նիստը, որտեղ քննարկվելու է ՀՀ-ին օգնության ցուցաբերման համատեղ միջոցները։ Քննարկվելու է նաև ռոտացիայի կարգով 2023-ի հունվարի 1-ից ՀԱՊԿ նոր գլխավոր քարտուղարի հարցը։ Նշվում է, որ կարևորագույն հարցերից մեկը լինելու է ՀԱՊԿ ճգնաժամային արձագանքման համակարգի կատարելագործումը։ ՀԱՊԿ անդամները կքննարկեն միջազգային և տարածաշրջանային անվտանգության արդիական հարցեր։

ՀԱՊԿ գագաթնաժողովին նախատեսվում է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոյի, Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևի, Ղրղզստանի նախագահ Սադիր Ժապարովի, Տաջիկստանի նախագահ Էմոմալի Ռահմոնի, ինչպես նաև ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Ստանիսլավ Զասի մասնակցությունը։