ՀՀ-ում ստեղծվելիք Ներքին գործերի նախարարությունը կմիավորի 3 ծառայություն՝ ոստիկանությունը, փրկարար ծառայությունն ու միգրացիայի և քաղաքացիության ծառայությունը։ Գործադիրը հավանություն է տվել կառավարության կառուցվածքի և գործունեության մասին օրենքում և հարակից օրենքներում փոփոխությունների փաթեթին։
Ծառայությունների ղեկավարներին նշանակելու է վարչապետը, տեղակալներին՝ նույնպես վարչապետը, ՆԳ նախարարի ներկայացմամբ։
Զուգահեռաբար դադարեցվելու է Արտակարգ իրավիճակների նախարարության գործունեությունը, սակայն 4 ամիս կտրվի որպես անցումային փուլ։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ անձնագրային ծառայությունը միշտ ոստիկանության գործառույթ է համարվել, բայց իրականում դա քաղաքացիական գործառույթ է, ուստի նախատեսվում է միգրացիայի ծառայությունը ՏԿԵՆ-ի կազմից հանել և ստեղծել միգրացիայի և քաղաքացիության հարցերի ծառայություն, որը կզբաղվի անձնագրայն հարցերով։