Պետական պահպանության ծառայությունը կառանձնացվի ԱԱԾ մարմիններից ու կներառվի վարչապետին ենթակաների շարքում: Կառավարությունը հավանություն է տվել «Հատուկ պետական պաշտպանության ենթակա անձանց անվտանգության ապահովման մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերին:
Նախագծով առաջարկվում է սահմանափակել պաշտոնաթող Հանրապետության նախագահներին և վարչապետներին տրամադրվող անձնական պետական պահպանության ժամկետները՝ սահմանափակելով ՀՀ տարածքում նրանց տրամադրվող անձնական պետական պահպանության տրամադրման ժամկետը համապատասխանաբար 7 և 10 տարիով:
Ըստ գործող կարգի՝ նախագահին տրվում է ցմահ պետական պահպանության ծառայություն։
Առաջարկվում է նախատեսել նաև իրավակարգավորումներ, որոնց պարագայում պաշտոնաթող Հանրապետության նախագահներին և վարչապետներին՝ օտարերկրյա պետություններում գտնվելու ժամանակ պետական պահպանություն կտրամադրվի մեկ տարվա ընթացքում օտարեկրյա պետություններ կատարվող ոչ ավելի, քան 20 օր ընդհանուր տևողությամբ այցերի ընթացքում:
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը նշել է, որ, ըստ անհրաժեշտության, այդ ժամկետը կարող է երկարացվել։ Նա նշել է նաև, որ դա արվում է Ազգային անվտանգության ծառայության բարեփոխումների շրջանակում։
«ԱԱԾ-ն պետք է զբաղվի երեք հիմնական ուղղությամբ. հակահետախուզություն, , ահաբեկչության դեմ պայքար և սահմանադրական կարգի պահպանություն»,-ասել է նա։