16 ապրիլի 2009 - 22:36 AMT
Հայաստանի Աժ բնապահպանական հանձնաժողովի ղեկավարը դեմ է «GeoProMining» ընկերության նախագծին
Հայաստանի Ազգային ժողովի գյուղատնտեսության ու բնապահպանական հարցերի հանձնաժողովի նախագահ Խաչիկ Հարությունյանն այս մամլո ասուլիսում հայտարարել է, որ օրերս կայացել է հանձնաժողովի նիստը հասարակական կազմակերպությունների, գործադիր իշխանության գերատեսչությունների ներկայացուցիչների, գիտնականների, բնապահպանների մասնակցությամբ: Նիստի ընթացքում քննարկվել են Երեւանի ու Սեւանա լճին սպառնացող բնապահպանական վտանգները:
Արդյունքում ձեւավորվել է աշխատանքային խումբ, որը պետք է զբաղվի Երեւանի ու Սեւանա լճի բնապահպանական խնդիրներով: Ներկայումս խումբը 16 ծրագիր է մշակում եւ մոտ ապագայում կներկայացնի այն պատկան մարմիններին: Երեւանի բնապահպանական խնդիրների հարցերով զբաղվող աշխատանքային խումբը կգլխավորի Աժ պատգամավոր Բագրատ Սարգսյանը, Վլադիմիր Մովսիսյանը գլխավորում է Սեւանա լճի խնդիրներով զբաղվող հանձնաժողովը:
Հայաստանի Ազգային ժողովի գյուղատնտեսության ու բնապահպանական հարցերի հանձնաժողովի նախագահ Խաչիկ Հարությունյանը հայտարարել է, որ ինքը դեմ է «GeoProMining» ընկերության նախագծին:
2008թ. «GeoProMining» ընկերությունը ներկայացրել է ոսկու կորզման գործարանի, ցիանիդների եւ այլ թունաքիմիկատների պահեստի կառուցման, ինչպես նաեւ Սեւանա լճի ջրահավաք ավազանի գոտում գտնվող Սոդքի ոսկու հանքի տարածքում թափոնների պահպանման պահեստարանի կառուցման նախագիծը: