26 նոյեմբերի 2022 - 12:49 AMT
Արցախի ԱԱԾ տնօրենի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու ենթադրյալ դեպքով հրապարակումն ուղարկվել է քննության

Արցախի ԱԱԾ տնօրենի կողմից պաշտոնեական լիազորությունները չարաշահելու ենթադրյալ դեպքի վերաբերյալ հրապարակումն ուղարկվել է ԱԱԾ՝ քննության առնելու, հայտնում է Արցախի Հանրապետության դատախազությունը։

Hetq.am կայքում հրապարակվել էր «Կամո Աղաջանյանին կրկին ուզում են պաշտոն տալ Արցախի կառավարությունում» վերտառությամբ հոդվածը, որում հեղինակը նշել էր նաև հետևյալը. «Ահա մի դրվագ նրա գործունեությունից: Նախքան 2020 թվականի 44-օրյա պատերազմը Հադրութ քաղաքում գործում էր «ԱԿ» անվանումով ռեստորան, որը պատկանում էր Կամո Աղաջանյանի ընտանիքին։

Այստեղ աշխատում էր նրա մտերիմ Աշոտ Ամիրջանյանը: Վերջինս Կամո Աղաջանյանի պաշտոնավարման ամբողջ ընթացքում ձևականորեն ձևակերպվել ու աշխատավարձ է ստացել տարբեր պետական մարմիններից. նախ՝ Արցախի Հանրապետության պաշտպանության բանակից, այնուհետև՝ ՀՀ պաշտպանության նախարարությունից, երբ Աղաջանյանը ղեկավարում էր Գորիսի կորպուսը, իսկ վերջում՝ Արցախի ոստիկանությունից: Այստեղից էլ Աշոտ Ամիրջանյանը անցել է երկարամյա ծառայության կենսաթոշակի:

Մինչդեռ «աշխատանքային գործունեության» այդ ամբողջ ընթացքում Աշոտ Ամիրջանյանը Հադրութում աշխատեցնում էր Կամո Աղաջանյանի ընտանիքին պատկանող ռեստորանը: Կամո Աղաջանյանը մեծ հողատարածքներ ուներ ազատագրված շրջաններում, փայտի բիզնեսում էր ներգրավված, խանութներ, սննդի կետեր»:

Նկատի ունենալով, որ վերոգրյալում առերևույթ առկա են պաշտոնեական դիրքի չարաշահման և պետությանը գույքային վնաս պատճառելու հանցավոր դեպքերի մասին վկայող տվյալներ, ուստի հիշյալ հրապարակումն ուղարկվել է ԱՀ ազգային անվտանգության ծառայություն՝ ԱՀ քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով քննության առնելու համար:

Նկատի ունենալով, որ վերոգրյալում առերևույթ առկա են պաշտոնեական դիրքի չարաշահման և պետությանը գույքային վնաս պատճառելու հանցավոր դեպքերի մասին վկայող տվյալներ, ուստի հիշյալ հրապարակումն ուղարկվել է ԱՀ ազգային անվտանգության ծառայություն՝ ԱՀ քրեական դատավարության օրենսդրությամբ սահմանված ընթացակարգով քննության առնելու համար:

Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ԱՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով դատարանի օրինական ուժի մեջ մտած դատավճռով: