26 նոյեմբերի 2022 - 16:22 AMT
Կլաարն ու Բայրամովը քննարկել են Ադրբեջանի և ՀՀ հարաբերությունների կարգավորումը

Ադրբեջանում գտնվող Հարավային Կովկասում Եվրամիության հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարն Ադրբեջանի արտաքին գործերի նախարար Ջեյհուն Բայրամովի հետ հանդիպմանը քննարկել է Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն առնչվող հարցեր։

«Հանդիպման ժամանակ քննարկվել են ՀՀ և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորմանն ուղղված ջանքերը, հնարավոր հետագա քայլերը»,-ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հաղորդագրության մեջ, գրում է Interfax.az-ը։

Նշվում է, որ Բայրամովը տեղեկացրել է Կլաարին Ադրբեջանի ներկայացրած խաղաղության պայմանագրի տարբերակի մասին՝ 5 սկզբունքների հիման վրա, և Վաշինգտոնում քննարկումների մասին։

Բայրամովը նաև ներկայացրել է «ադրբեջանական կողմի տեսակետը Ղարաբաղում բնակվող հայերի վերաինտեգրման վերաբերյալ»։

Կլաարն իր հերթին ասել է, որ ԵՄ-ն մտադիր է շարունակել ջանքերը՝ ուղղված խաղաղության և կայունության հաստատմանը տարածաշրջանում, կոմունիկացիաների բացմանը։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ դեկտեմբերի 7-ին Բրյուսելում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կայանալիք հանդիպումը չի կայանա։ «Հանդիպումը Բրյուսելում պետք է կայանար դեկտեմբերի 7-ին։ Սակայն, երեկ Հիքմեթ Հաջիևն ինձ տեղեկացրել է, որ Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի գրասենյակից նրան ասել են, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաձայն է հանդիպման միայն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մասնակցության պայմանով։ Դա նշանակում է, որ հանդիպումը չի կայանա»,-ասել է Ալիևը։