28 նոյեմբերի 2022 - 14:40 AMT
Մարուքյան․ Բաքուն պետք է հիշի՝ Ալիևը հայտարարություն է ստորագրել, որտեղ 5 անգամ հիշատակվում է Լեռնային Ղարաբաղը

ՀՀ հատուկ հանձնարարություններով դեսպան Էդմոն Մարուքյանն, անդրադառնալով Լեռնային Ղարաբաղ և հայկական տեղանուններ չօգտագործելու Բաքվի պահանջին, նշել է, որ Ադրբեջանը պետք է հիշի, որ 2 տարի առաջ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը եռակողմ հայտարարություն է ստորագրել, որտեղ 5 անգամ հիշատակվում է Լեռնային Ղարաբաղը։ Այդ մասին նա գրել է Twitter-ի իր միկրոբլոգում։

«Ադրբեջանի ՊՆ-ն պահանջում է ԼՂ-ում տեղակայված ռուս խաղաղապահներից չօգտագործել «Լեռնային Ղարաբաղ» անվանումը։ Ադրբեջանը պետք է հիշի, որ 2 տարի առաջ Ալիևը հրադադարի եռակողմ համաձայնագիր է ստորագրել, որտեղ 5 անգամ հիշատակվում է Լեռնային Ղարաբաղը։ Դա օրինական հիմք է տալիս Ռուսաստանին օգտագործել Լեռնային Ղարաբաղ անվանումը», - ասվում է գրառման մեջ։

Ադրբեջանի ՊՆ-ն կրկին դիմել է ռուս խաղաղապահներին՝ հորդորելով չկիրառել Լեռնային Ղարաբաղ տեղանունը։ Համապատասխան հաղորդագրությունն ունի «Ռուս խաղաղապահները կրկին ականջալուր չեն լինում Բաքվի հայտարարություններին» վերտառությունը։ Վերջին օրերին սա նմանատիպ արդեն երրորդ դիմումն է ՌԴ խաղաղապահ ուժերին՝ նախորդ 2-ում խաղաղապահներին հորդորում էին չօգտագործել, Մաղավուզ, Մարտունի և Մարտակերտ տեղանունները։