28 նոյեմբերի 2022 - 15:10 AMT
Կլաար․ Ադրբեջանն ու Հայաստանը պետք է զսպվածություն դրսևորեն և ուժեղ քաղաքական կամք

Հարավային Կովկասի և Վրաստանում ճգնաժամի հարցերով ԵՄ հատուկ ներկայացուցիչ Տոյվո Կլաարը, անդրադառնալով Ադրբեջան կատարած այցին, Twitter-ի իր միկրոբոլգում գրել է, որ խնդիրները շատ են և որ զսպվածություն և ուժեղ քաղաքական կամք է հարկավոր։

«Մի քանի մտորում անցած շաբաթվա վերջին Ադրբեջան այցի արդյունքների վերաբերյալ․

-Ադրբեջանի նախագահի կարևոր հավատարմությունը ԵՄ կողմից աջակցություն ստացած ձևաչափին։

-Շատ մարտահրավեր դեռ պահպանվում են. համապարփակ կարգավորման հասնելու համար Ադրբեջանն ու Հայաստանը պետք է զսպվածություն դրսևորեն և ուժեղ քաղաքական կամք՝ լարվածությունը թուլացնելու համար»,-ասվում է գրառման մեջ։

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ դեկտեմբերի 7-ին Բրյուսելում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի հետ կայանալիք հանդիպումը չի կայանա։ «Հանդիպումը Բրյուսելում պետք է կայանար դեկտեմբերի 7-ին։ Սակայն, երեկ Հիքմեթ Հաջիևն ինձ տեղեկացրել է, որ Եվրոպայի խորհրդի նախագահ Շառլ Միշելի գրասենյակից նրան ասել են, որ ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը համաձայն է հանդիպման միայն Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնի մասնակցության պայմանով։ Դա նշանակում է, որ հանդիպումը չի կայանա»,-ասել է Ալիևը։

Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի շրջանակում Պրահայում հոկտեմբերի 6-ին տեղի է ունեցել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Էմանուել Մակրոնի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի քառակողմ հանդիպումը, որի արդյունքում հայտարարություն է ընդունվել, որով կողմերը հաստատել են հանձնառությունը, որ ճանաչում են միմյանց տարածքային ամբողջականությունն ու ինքնիշխանությունը և համաձայնություն են տվել ԵՄ քաղաքացիական առաքելության տեղակայմանը ՀՀ-Ադրբեջան սահմանին, որի առավելագույն ժամկետը 2 ամիս է։