29 նոյեմբերի 2022 - 15:13 AMT
Հունվարի 1-ից ջուրը կթանկանա․ Սպառողի համար սակագինը 1 տարի չի փոխվի

Հայաստանում հունվարի 1-ից ջրի սակագինը կբարձրանա 8․42 դրամով` 200 դրամից դառնալով 208․42 դրամ, իսկ սոցիալապես անապահով բաժանորդների համար 2023-ին սակագինը կմնա անփոփոխ՝ 180 դրամ։ Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նոյեմբերի 29-ին հրավիրված նիստում միաձայն ընդունել է ջրի սակագնի բարձրացման վերաբերյալ նախագիծը։

Կառավարությունը համարժեք սուբսիդավորմամբ կչեզոքացնի գնի ավելացումը սպառողների բոլոր խմբերի համար։ Արդյունքում, 2023 թվականին խմելու ջրի սակագինը սպառողների համար չի բարձրանա:

Սուբսիդավորումը մեկ տարվա համար է:

«Վեոլիա Ջուր» ընկերությունը օգոստոսին հայտ էր ներկայացրել, որ ջրի սակագինը 200 դրամից դառնա 209 դրամ բոլոր սպառողների համար, սակայն ՀԾԿՀ-ն մոնիթորինգի ու հաշվարկների արդյունքում որոշել է, որ անապահովների համար սակագինը կմնա անփոփոխ՝ 180 դրամ, իսկ մյուս սպառողների համար կսահմանվի 208.42 դրամ սակագին։