29 նոյեմբերի 2022 - 18:59 AMT
ԵԱԶԲ․ Հայաստանի ՀՆԱ աճը, նախնական գնահատականով, կկազմի 12․5%

Եվրասիական զարգացման բանկի (ԵԱԶԲ) Վերլուծական աշխատանքների տնօրենության երկրների վերլուծության կենտրոնի ղեկավար Ալեքսեյ Կուզնեցովը, ներկայացնելով «Մակրոտնտեսական կանխատեսումը», ասել է, որ 2022-ին Հայաստանի ՀՆԱ աճը, նախնական գնահատականների համաձայն, կկազմի 12․5%։

«Հայաստանի տնտեսությունն ընթացիկ տարում տարածաշրջանում աճի առումով առաջատարն է։ Մեր գնահատականներով` ՀՆԱ-ի աճն ընթացիկ տարում կարող է կազմել 12․5%։ Սա տնտեսության ամենասրընթաց աճը կլինի, հավանաբար, վերջին 15 տարվա ընթացքում», – ասել է Կուզնեցովը, գրում է Sputnik Արմենիան։

Նրա խոսքով` նման ուժեղ տնտեսական ակտիվության համար խթան է հանդիսացել սպառողական պահանջարկի աճը։ Այստեղ իր դերն է խաղացել նաև օտարերկրացիների ներհոսքը Հայաստան` նախևառաջ Ռուսաստանից (2.5 անգամ ավելի, քան 2021 թվականին)։

Սպառողական պահանջարկին նպաստել է նաև դրամական փոխանցումների կտրուկ աճը։ 2022-ի երրորդ եռամսյակում փոխանցումները կազմել են միջինում ամսական մոտ 400 մլն դոլար, ինչը 5 անգամ գերազանցել է նախորդ տարվա ցուցանիշը։

Միևնույն ժամանակ սպառողական պահանջարկը ժամանակավոր բնույթ է կրում և կկայունանա 2023 թվականին։ Դա թույլ կտա, որ տնտեսական աճը հավասարակշռվի` դառնալով 4-4,5%։

Ըստ Կուզնեցովի` կտրուկ սպառողական աճը հանգեցրել է գնաճի։ Սակայն պիկը եղել է հունիսին (10․3%), մինչև տարեվերջ ակնկալվում է, որ այն կկազմի 9․5%։

Նվազումն աստիճանաբար կշարունակվի 2023 թվականին և կմոտենա 4%–ին։

2022 թվականի երրորդ եռամսյակի տվյալներով` Հայաստանի ՀՆԱ–ն մեկ տարում աճել է 14․8 %–ով։ Միևնույն ժամանակ ամենամեծ աճն ապահովել է տեղեկատվության և կապի ոլորտը, ամենաքիչը` կրթության ոլորտը։