30 նոյեմբերի 2022 - 17:30 AMT
Լավրովն ու Բայրամովը կքննարկեն եռակողմ հայտարարությունների իրականացման ընթացքը

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը և Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը կհանդիպեն դեկտեմբերի 5-ին` Մոսկվայում։ Նրանք կքննարկեն ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների եռակողմ հայտարարությունների իրականացման ընթացքը։ Այդ մասին ճեպազրույցում հայտարարել է ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարևովան, գրում է ՏԱՍՍ-ը։

«Նախատեսվում է հանգամանալից քննարկել մի շարք ակտուալ տարածաշրջանային և միջազգային թեմաներ։ Հատուկ ուշադրություն կհատկացվի 2020-ի նոյեմբերի 9-ի, 2021-ի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի, ինչպես նաև 2022-ի հոկտեմբերի 31-ի բարձր մակարդակի եռակողմ հայտարարությունների քննարկմանն ու իրականացմանը։ Դրանք կոչված են ապահովելու հայ-ադրբեջնական հարաբերությունների համապարփակ կարգավորումը»,- ասել է նա։

Բայրամովը Մոսկվա կայցելի աշխատանքային այցով։

Հոկտեմբերի 31-ին Սոչիում տեղի է ունեցել Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը, որից հետո ՌԴ նախագահը հայտարարել էր, որ որոշ հարցեր ստիպված են եղել հանել նախապես մասնագետների մասնակցությամբ մշակված հայտարարության տեքստից։ Հայաստանն առաջարկել էր երկարացնել Լեռնային Ղարաբաղում տեղակայված ռուս խաղաղապահների մանդատը: