1 դեկտեմբերի 2022 - 12:20 AMT
Պենտագոնի ղեկավար․ ԱՄՆ-ն կտրականապես դեմ է Սիրիայում Թուրքիայի նոր ռազմական գործողությանը

ԱՄՆ-ն կտրականապես դեմ է Սիրիայում Թուրքիայի նոր ռազմական գործողությանը։ Այդ մասին Պենտագոնի ղեկավար Լլոյդ Օսթինն ասել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարի հետ հեռախոսազրույցի ժամանակ։

«Նա նաև մտահոգություն է հայտնել Սիրիայի հյուսիսում մարտական գործողությունների սրացման կապակցությամբ՝ ներառյալ ավիահարվածները, որոնց մի մասը անմիջական սպառնալիք է ստեղծել ամերիկյան անձնակազմի անվտանգությանը, որն աշխատում է Սիրիայում տեղի գործընկերների հետ «Իսլամական պետության» ջախջախման ուղղությամբ»,-ասվում է հաղորդագրության մեջ, որը հրապարակվել է ԱՄՆ պաշտպանության նախարարության կայքում։

Պենտագոնի ղեկավարը կողմերին կոչ է արել նվազեցնել լարվածությունը Սիրիայում։

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ ռազմական գործողությունները Սիրիայի հյուսիսում և Իրաքում չպետք է անհանգստացնեն որևէ մեկին, և Անկարան որևէ մեկին հաշվետվություն չպետք է տա։

Նոյեմբերի 13-ի ցերեկը Ստամբուլի Իսթիքլալ փողոցում պայթյուն էր որոտացել։ Զոհվել էր 6 մարդ, վիրավորվել՝ 81-ը։ Երկրի ղեկավարությունը տեղի ունեցածը որակել էր որպես ահաբեկչություն։ Թուրքիայի իշխանությունները հայտարարել են, որ Ստամբուլում տեղի ունեցած պայթյունի հետևում կանգնած են «Քրդստանի աշխատավորական կուսակցությունը» (ՔԱԿ-PKK) և Սիրիայի քրդական ուժերը: Դրանից հետո Թուրքիան որոշեց «Մագիլ-սուր» անվամբ ռազմական գործողություն սկսել Հյուսիսային Իրաքի ու Սիրիայի քուրդ զինյալների դեմ: Ավելի ուշ Էրդողանը հայտարարեց, որ Թուրքիայի ռազմական գործողությունները չեն սահմանափակվելու միայն օդային հարվածներով:

Photo. Reuters