1 դեկտեմբերի 2022 - 12:43 AMT
Փաշինյան․ Եթե գիշերը մեկը Հրապարակում մի «բուդկա» դնի, պիտի տարիներով պայքարենք, որ հանենք

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության նիստում, խոսելով քաղաքաշինության ոլորտում կարգուկանոն հաստատելու անհրաժեշտության մասին, ասել է, որ երբեմն տպավորություն է ստեղծվում, թե օրենսդրական կարգավորումները ոչ թե օրիանկանությունը, այլ՝ ապօրինությունը պաշտպանելու համար են։

«Եթե գիշերը մեկը բերի Հանրապետության հրապարակում մի «բուդկա» դնի, հետո պիտի տարիներով պայքարենք, որ հանենք»,-ասել է նա՝ նշելով, որ այգիներում «ժանգոտ բուդկաներ» կան, որ դրվել են 20-30 տարի առաջ, բայց պետմարմինները մինչ օրս չեն կարողանում վերացնել այդ ապօրինի կառույցները։

Կառավարությունը որոշել է, որ տեղական տուրքի դրույքաչափերը կբարձրացվեն 2-10 անգամ. տուրքի չափը կսահմանվի՝ ելնելով գոտիականությունից, ընդ որում դա վերաբերում է բոլոր տիպի շինություններին, այդ թվում` կիսակառույց։

Ֆինանսների նախարար Տիգրան Խաչատրյանը հայտնել է` առաջարկվում է, որ երբ առաջին շինթույլտվության ժամկետն ավարտվում է, անավարտ շինության համար գույքահարկը վճարվի այնպես, ինչպես կվճարվեր կանգուն շենքի կամ շինության համար։

Փաշինյանն իր հերթին նշել է, որ եթե շինարարությունը սկսվել է, պետք է ավարտվի:

«Չեն կարող քաղաքի կենտրոնում կամ ոչ կենտրոնում՝ մայրուղու վրա, կիսաշինարարական կամ շինարարական աղբի մեջ կորած տարածքները հավերժ մնալ։ Հետագայում չեմ բացառում ավելի խիստ մեթոդի կիրառումը»,–ասել է նա։

Կադաստրի կոմիտեի նախագահ Սուրեն Թովմասյանը հայտնել է, որ մոտ 18,000 ինքնակամ կառույց կա հաշվառված, որի զգալի զանգվածը համայնքային կամ պետական հողերի վրա կառուցված ինքնակամ շինություններ են։

«Այդ շինությունները ևս պետք է հարկվեն։ Բայց դա դեռ չի նշանակում, որ համայնքը պարտավոր է այդ շինությունները օրինականացնել, սրանք լրիվ տարբեր գործողություններ են։ Այս օբյեկտները կհարկվեն այնքան ժամանակ, մինչև համայնքի ղեկավաը որոշում կկայացնի՝ կա՛մ օտարել հողը, կա՛մ ապամոնտաժել օբյեկտը», - ասել է նա։

Կառավարությունը հավանություն է տվել «Հայաստանի Հանրապետության հարկային օրենսգրքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին», «Տեղական տուրքերի և վճարների մասին» օրենքում լրացումներ և փոփոխություններ կատարելու մասին» և «Անշարժ գույքի հարկով հարկման նպատակով անշարժ գույքի շուկայական արժեքին մոտարկված կադաստրային գնահատման կարգը սահմանելու մասին» օրենքում լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերին։