1 դեկտեմբերի 2022 - 13:36 AMT
Ֆրանսիայի ԱԳՆ․ Խորհրդարանի պալատների բանաձևերը չեն արտացոլում Փարիզի պաշտոնական գիծը

Ֆրանսիայի ԱԳՆ ներկայացուցիչը հայտարարել է, որ երկրի խորհրդարանի երկու պալատնի բանաձևերը, որոնցով առաջարկում է պատժամիջոցներ սահմանել Ադրբեջանի դեմ, չեն արտահայտում է Փարզի պաշտոնական գիծը։

«Խորհրդարանականների այս նախաձեռնությունը չի հանդիսանում Ֆրանսիայի կառավարության պաշտոնական դիրքորոշումը և ընդունվել է միանգամայն անկախ, ըստ իշխանությունների տարանջատման սկզբունքի»,-ասել է նա, հայտնում է ՏԱՍՍ-ը։

Ըստ նրա, Ֆրանսիայի կառավարության դիրքորոշումը լավ հայտնի է։ Նա հիշեցրել է ԱԳ նախարար Կատրին Կոլոննայի հայտարարությունը, թե «Ֆրանսիան կշարունակի դրդել կողմերին առաջընթաց գրանցել բանակցություններում՝ օգտվելու համար խաղաղության հաստատման հնարավորությունից»։

Մինչդեռ Ֆրանսիայի Ազգային ժողովի ընդունած բանաձևը հիսթերիա է առաջացրել Բաքվում։ Ադրբեջանի ԱԳՆ-ն «սադրիչ է» անվանել բանաձևը։

Ադրբեջանի ԱԳՆ-ն շեշտել է, որ լսումների ժամանակ «Ֆրանսիայի կառավարության ներկայացուցիչը փաստացի հավանություն է տվել բանաձևին, ինչը մեկ անգամ ևս վկայում է, որ այդ բանաձևի հետևում կանգնած է այդ երկրի կառավարությունը», գրում է Haqqin.az-ը։

«Բանաձևը վնասում է Ադրբեջանի և ՀՀ միջև հարաբերությունների կարգավորմանը, ինչպես նաև խաղաղության հաստատման ջանքերին։ Բանաձևը ևս մեկ անգամ ցուցադրում է Ֆրանսիայի կանխակալ քաղաքական դիրքորոշումը, որը չի կարող չեզոք և արդար միջնորդ լինել»,- ասվում է Ադրբեջանի ԱԳՆ հայտարարության մեջ։

Նոյեմբերի 30-ին Ֆրանսիայի Ազգաին ժողովը միաձայն ընդունել է Հայաստանին աջակցող և Ադրբեջանի նկատմամբ պատժամիջոցներ առաջարկող բանաձև։ Նոյեմբերի 15-ին Ֆրանսիայի սենատը 295 կողմ և 1 դեմ ձայներով ընդունել է Հայաստանին աջակցող և Ադրբեջանի նկատմամբ պատժմիջոցներ առաջարկող բանաձև: Բանաձևը ներկայացրել են սենատորներ Բրունո Ռըտայոն, Քրիստիան Կամբոնը, Էլիան Ասասին, Պատրիկ Կանները, Էրվե Մարսեյը և Ժիլբեր-Լյուկ Դըվինազը։

Փաստաթղթում վերահաստատվում է Լեռնային Ղարաբաղի Հանրապետությունը ճանաչելու և այդ ճանաչումը որպես բանակցային գործիք կիրառելու անհրաժեշտությունը՝ տևական խաղաղություն հաստատելու նպատակով։Բանաձևում ընդգծվում է, որ Ադրբեջանի կրկնվող ագրեսիվ գործողությունները Լեռնային Ղարաբաղի նկատմամբ սպառնում են արցախահայության անվտանգությանն ու ազատությանը։ Սենատը կոչ է անում Ֆրանսիայի կառավարությանը անել հնարավորը, որպեսզի Ադրբեջանը անհապաղ միանա բանակցային գործընթացին՝ Հարավային Կովկասում կայուն խաղաղության հասնելու համար։