1 դեկտեմբերի 2022 - 15:34 AMT
ԶԼՄ․ Երևանն ու Բուդապեշտը կքննարկեն հարաբերությունների վերականգնումը

Պաշտոնական Երևանն ու Բուդապեշտը կքննարկեն դիվանագիտական հարաբերությունների վերականգնման հնարավորությունը։ Այդ մասին «Ազատությանը» փոխանցել է դիվանագիտական աղբյուրը։

Ըստ դրա, հարցը քննարկվելու է Հայաստանի և Հունգարիայի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Պետեր Սիյարտոյի հանդիպման ժամանակ, որը նախատեսված է դեկտեմբերի 1-ին՝ Լեհաստանի Լոձ քաղաքում՝ ԵԱՀԿ արտգործնախարարների նիստի շրջանակում։

«Հաշվի առնելով փաստը, որ Հունգարիան անցած տարի աջակցել է 5 հայ ռազմագերու հայրենադարձին, Հայաստանը քննարկում է դիվանագիտական հարաբերությունների վերականգնման հնարավորությունը», - ասել է դիվանագիտական աղբյուրը։

ՀՀ-ն խզել է Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները 2012-ին, երբ Հունգարիան Ադրբեջանին արտահանձնեց 2005-ին Բուդապեշտում հայ սպա Գուրգեն Մարգարյանին կացնահարած ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովին։ Ինչպես պնդում է Բուդապեշտը, մինչև Սաֆարովի արտահանձնումն Ադրբեջանը Հունգարիային երաշխիքներ էր տվել, որ նրա ցմահ ժամկետը դատարանը կարող է փոխել ազատազրկման այլ ժամկետով կամ պայմանական պատիժով միայն առնվազն 25 տարի բանտում անցկացնելուց հետո:

Համաշխարհային հանրությունը խիստ քննադատության ենթարկեց Բուդապեշտին Սաֆարովի արտահանձնման համար, իսկ Բաքվին՝ նրան ապօրինի ազատելու համար: Ըստ որոշ աղբյուրների, Սաֆարովն արտահանձնվել է 2-3 մլրդ եվրո գումարի հունգարական պետպարտատոմսերը գնելու Բաքվի խոստման դիմաց: Պաշտոնական Բուդապեշտը հերքում է այդ մեղադրանքները: