1 դեկտեմբերի 2022 - 18:44 AMT
Ղարիբաշվիլին և Ռիքերը քննարկել են Վրաստանի միջնորդական դերը հայ-ադրբեջանական երկխոսությունում

ԱՄՆ Պետդեպարտամենտի Կովկասում բանակցությունների գծով ավագ խորհրդական Ֆիլիպ Ռիքերը, որը Երևան ժաանելուց առաջ Թբիլիսիում էր, Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ հանդիպմանը անդրադարձել է նաև Հարավային Կովկասում անվտանգության հարցերին։

Զրուցակիցները քննարկել են նաև Վրաստանի միջնորդական դերը հայ-ադրբեջանական երկխոսությունում, հայտնում է Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունը։

Ղարիբաշվիլին նշել է, որ բանակցությունները միակ ու կարևոր ճանապարհն են ցանկացած հակամարտություն լուծելու և առաջընթաց ապահովելու համար։

Ռիքերի այցը տարածաշրջանային է և սկսվել էր Բաքվից։ Այժմ նա Երևանում է և հանդիպումներ է ունենալու պետական պաշտոնյաների, քաղաքացիական հասարակության ներկայացուցիչների և այլոց հետ՝ քննարկելու Միացյալ Նահանգների աջակցությունը տևական խաղաղության հասնելուն միտված հայ-ադրբեջանական ուղիղ բանակցություններին։