3 դեկտեմբերի 2022 - 10:42 AMT
Հայտարարություն․ ՔՊ-ն տապալել է «Հայաստան» խմբակցության առաջարկած հայտարարության նախագիծը

«Հայաստան» դաշինքը հանդես է եկել հայտարարությամբ, որտեղ ասվում է, որ ՔՊ-ն տապալել է «Հայաստան» խմբակցության առաջարկած հայտարարության նախագիծը։

Նշվում է, որ ՀՀ խորհրդարանի հայտարարությունը պետք է ևս մեկ անգամ արձանագրեր երկրի անվտանգությանը վերաբերող կարմիր գծերը, աշխարհին ուղերձ հղեր արցախահայության իրավունքների պաշտպանությանն ու դրանց իրացմանը սատար կանգնելու իր վճռականության մասին։

Դաշինքը հրապարակել է նաև առաջարկվող հայտարարության նախագիծը, որտեղ, մասնավորապես, ասվում է․

«Հիմք ընդունելով ՀՀ Սահմանադրության 103-րդ հոդվածը, «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 98-րդ հոդվածը՝ ՀՀ Ազգային ժողովն արձանագրում է.

Ադրբեջանը միտումնավոր խեղաթյուրում է Լեռնային Ղարաբաղի խնդրի էությունը, պատմական փաստերը։ Հակամարտությունը ծագել է Ադրբեջանի` Լեռնային Ղարաբաղի բնակչության ազատ կամքի ճնշման և իրավունքների ոտնահարմանն ուղղված էթնիկ զտման քաղաքականության հետևանքով, որին հաջորդել է լայնածավալ ռազմական ագրեսիան` ընդդեմ իր իսկ պատմական տարածքում ինքնորոշված Լեռնային Ղարաբաղի Հանրապետության:

1994թ. մայիսի 12-ին Հայաստանի և Ադրբեջանի պաշտպանության նախարարների և Լեռնային Ղարաբաղի պաշտպանության բանակի հրամանատարի կողմից ստորագրվել է հրադադարի հաստատման համաձայնություն, որով սահմանված ուժի գործադրման կամ դրա սպառնալիքի կիրառման արգելքը Ադրբեջանը պարբերաբար խախտել է։

Ադրբեջանը, Թուրքիայի ու վարձկան միջազգային ահաբեկիչների ներգրավվածությամբ, 2020-ի սեպտեմբերի 27–ին պատերազմ է սանձազերծել Արցախի Հանրապետության դեմ՝ խախտելով Ղարաբաղյան հակամարտության կարգավորման միջնորդական մանդատ ունեցող երկրների՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահներ Ռուսաստանի Դաշնության, Ֆրանսիայի, ԱՄՆ կողմից հիմնարար գնահատված Հելսինկյան Եզրափակիչ Ակտի (1975թ.) ԵԱՀԿ/ԵԱԽՀ մասնակից պետությունների միջև հարաբերություններն ուղղորդող սկզբունքների հռչակագիրը, մասնավորապես՝ ուժի կամ ուժի կիրառման սպառնալիքից զերծ մնալու միջազգային պարտավորությունը։

44–օրյա պատերազմի ընթացքում Ադրբեջանը և այդ երկրի դաշնակիցներն իրագործել են մարդկության դեմ ուղղված պատերազմական հանցագործություններ և բարբարոսություններ՝ կիրառելով արգելված զենքեր, թիրախավորելով խաղաղ բնակչությանը, ավիրելով քաղաքներ և գյուղեր։

Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարությունը վարում է էթնիկ զտման և մշակութային արժեքների ոչնչացման քաղաքականություն։ Ադրբեջանի կողմից օկուպացված տարածքներում են մնացել 1456 հայկական պատմամշակութային հուշարձաններ, հսկայածավալ մշակութային ժառանգություն, որոնք բացահայտորեն ոչնչացվում կամ յուրացվում են՝ կեղծելով դրանց պատկանելությունը:

Կոպտագույն խախտելով միջազգային մարդասիրական իրավունքը՝ Ադրբեջանն արգելափակել է իր կողմից օկուպացված Արցախի շրջաններում և 2022 թվականի սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ռազմական ագրեսիայի հետևանքով բռնազավթված Հայաստանի Հանրապետության տարածքներում անհետ կորածների որոնման աշխատաքները, ինչպես նաև խոչընդոտում է զոհված հայ զինծառայողների և քաղաքացիական անձանց մարմինների դուրս բերմանը:

Ադրբեջանն իր մտադրություններով և քաղաքականությամբ դառնում է նոր պատերազմի ու տարածաշրջանային անկայունության աղբյուր, որի ապացույցներից է 2021 թվականի հունիսի 15–ին Թուրքիայի ու Ադրբեջանի նախագահների ստորագրած, մեզ համար անընդունելի և դատապարտելի, այսպես կոչված, Շուշիի հռչակագիրը:

Դատապարտելով Ադրբեջանի շարունակվող ագրեսիվ ու միջազգային իրավունքին հակասող հակահայ քաղաքականությունը, որն արտահայտված է նաև Ադրբեջանի խորհրդարանի 2022թ. նոյեմբերի 8-ի ընդունած փաստաթղթով հայտարարում է.

Ադրբեջանը պարտավոր է հայ-ադրբեջանական հարաբերությունների կարգավորման շրջանակներում անվերապահորեն կատարել ստանձնած պարտավորությունները, վերջ տալ հայատյացությանը, ռազմական հռետորաբանությանը, բացառել ուժի կիրառումը, ուժի կիրառման սպառնալիքը, ինչպես նաև շանտաժի և ճնշումների միջոցով ցանկալի համաձայնագրերին հասնելու քաղաքականությունը:

Ադրբեջանական կողմը պարտավոր է իր զինված ուժերը անհապաղ վերադարձնել մինչեւ 2021թ. մայիսի 12-ը զբաղեցրած բնագծերը:

Անվերապահորեն կատարելով միջազգային մարդասիրական նորմերն ու պահանջները՝ Ադրբեջանը պետք է վերադարձնի հայ ռազմագերիներին ու այլ պահվող անձանց, զոհված զինծառայողների և քաղաքացիական անձանց մարմինները, դադարեցնի էթնիկ զտման և մշակութային արժեքների ոչնչացման, յուրացման քաղաքականությունը:

Մենք համոզված ենք, որ հայ–ադրբեջանական հարաբերությունների ու տարածաշրջանային գլոբալ անվտանգության ապահովման համար անհրաժեշտ է գտնել խաղաղ գոյակցության բանաձև, բայց այն չպետք է լինի ուժի կամ ուժի սպառնալիքի կիրառման պայմաններում, չպետք է ոտնահարի կողմերից որևէ մեկի իրավունքները, չպետք է սպառնա Հայաստանի Հանրապետության ինքնիշխանությանն ու տարածքային ամբողջականությանը։

Մենք կողմ ենք ճանապարհների ապաշրջափակմանը և տարածաշրջանի երկրների համագործակցությանը, սակայն բացառվում է դրա իրականացումը ՀՀ ինքնիշխան տարածքով միջանցքի տրամադրման միջոցով։ Մեզ համար անընդունելի է շանտաժների և ուլտիմատումների լեզուն։

Արցախահայության իրավունքներն ու անվտանգությունն ապահովելու կարևորագույն գործոններից ենք համարում ազգերի ինքնորոշման իրավունքի իրացումն՝ առանց սահմանափակումների»։

Նշվում է նաև, որ Արցախի Հանրապետությունն ամրագրել է իր անկախությունը նախկին ԽՍՀՄ օրենսդրության ու միջազգային իրավունքի բոլոր նորմերին համապատասխան և, որ ՀՀ-ն, ՀՀ անկախության հռչակագրրի, ՀՀ սահմանադրության և օրենքների համաձայն, սատարելու է արցախահայության ինքնորոշման իրավունքի իրացմանը, անվտանգության ապահովմանը և Արցախի միջազգային ճանաչմանը։

«Արցախը չպետք է լինի Ադրբեջանի կազմում։ Կոչ ենք անում միջազգային հանրությանը՝

գնահատական տալ ադրբեջանական ագրեսիային, և դատապարտել Հայաստանի ու Արցախի տարածքների բռնազավթումը,

պատասխանատվության ենթարկել և պատժամիջոցներ կիրառել Ադրբեջանի դեմ՝ ռազմական հանցագործությունների համար,

նպաստել ՄԱԿ-ի կանոնադրության լիարժեք իրագործմանը՝ սատարելով Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի իրացմանը։

Դիմում ենք միջազգային հումանիտար կազմակերպություններին՝ գործուն քայլեր իրականացնել հայ ռազմագերիների ու այլ պահվող անձանց վերադարձի հարցում»,-ասվում է հայտարարության նախագծի մեջ։

Հիմնավորման մեջ նշվում է, որ Ադրբեջանի խորհրդարանը 44–օրյա պատերազմի մասին հայտարարություն է ընդունել՝ տալով Ղարաբաղյան հակամարտության էությունը նենգափոխող, սեփական ռազմական հանցագործութուններն արդարացնող, Հայաստանի ու Արցախի միջազգային վարկանիշին վնասող գնահատականներ։ Ադրբեջանը «հիմնավորել» է իր ագրեսիվ գործողությունները, հանդես եկել Հայաստանի ու Արցախի դեմ նոր սպառնալիքներով։ ՀՀ խորհրդարանը չի կարող անպատասխան թողնել այդ հայտարարությունը և հանդես չգալ միջազգային հանրությանն ապակողմնորոշող ադրբեջանական հայտարարության դեմ։

ԱԺ–ն 31 կողմ, 0 դեմ, 0 ձեռնպահ ձայներով չի ընդունել Ադրբեջանի խորհրդարանին ի պատասխան հայտարարությունը, որն առաջարկել էր ընդդիմությունը։ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի եզրակացությունը ներկայացրել է հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը, հայտնելով խորհրդարանական մեծամասնության դիրքորոշումը ընդդիմության հայտարարույթյան վերաբերյալ: Ըստ նրա՝ առաջարկված տեքստը ռիսկեր է պարունակում և ՔՊ խմբակցությունը, որպես ՀՀ-ի իշխանություն, չի կարող այն ընդունել։