5 դեկտեմբերի 2022 - 17:29 AMT
Լավրով․ ՌԴ-ն շահագրգռված է, որ Բաքուն ու Երևանը խաղաղության պայմանագիր կնքեն

ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը, բացելով Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովի հետ բանակցությունները Մոսկվայում, ասել է, որ Մոսկվան շահագրգռված է, որ Ադրբեջանն ու Հայաստանը խաղաղության պայմանագիր կնքեն։

«Կարևոր թեմա է ՌԴ, ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների 2020-ի նոյեմբերի 9-ի, 2021-ի հունվարի և նոյեմբերի եռակողմ հայտարարությունների իրագործումը և 2022-ի հոկտեմբերին Սոչիի հերթական գագաթնաժողովը»,- ասել է Լավրովը, գրում է ՏԱՍՍ-ը։

Նա հավելել է, որ Ռուսաստանը շահագրգռված է նպաստելու «տրանսպորտային կապերի ապաշրջափակմանը, սահմանազատմանը, խաղաղ պայմանագրի կնքմանը, և ընդհանուր առմամբ՝ վստահության միջոցների ամրապնդմանը, այդ թվում՝ հասարակական կառույցների, քաղաքագետների, խորհրդարաքնականների միջև շփումների զարգացման ուղղությամբ»։

Լավրովը հավելել է, որ Բայրամովի հետ բանակցություններում քննարկելու են նաև տարածաշրջանում և բազմակողմ կառույցներում փոխգործակցության հարցը։

Ավելի վաղ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ԱԺ-ում, անդրադառնալով ՀՀ և Ադրբեջանի միջև խաղաղության հնարավոր պայմանագրին, ասել է, որ հայկական կողմը Վաշինգտոնում Ադրբեջանին է փոխանցել պայմանագրի տեքստի իր տարբերակը և սպասում է Բաքվի արձագանքին։ Նա նշել է, որ ՀՀ-ում խաղաղության պայմանագրի վերաբերյալ երկու մոտեցում կա` շրջանակային համաձայնագրի մոդելն ու դետալացվածը։ Փաշինյանը մանրամասնել է, որ շրջանակայինի դեպքում մոտեցումն այն է, որ շրջանակը գծվում է առանց մեծ կոնկրետությունների։