6 դեկտեմբերի 2022 - 11:04 AMT
Արցախի ԱԽ. Դիտարկվել է Լաչինի միջանցքում ոչ թե մաքսակետ, այլ ռենտգեն-սկաների տեղադրման հնարավորությունը

ԱՀ ԱԽ-ն, անդրադառնալով Լաչինի միջանցքում ադրբեջանական հենակետ տեղադրելու մասին լուրերին, հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է, որ դիտարկվել է Լաչինի միջանցքում ոչ թե մաքսակետ, այլ ռենտգեն-սկաների տեղադրման հնարավորությունը։

«Զանգվածային լրատվամիջոցներով տարածվող տեղեկությունն առ այն, թե իբր Արցախի Հանրապետությունում տեղակայված Ռուսաստանի Դաշնության խաղաղապահ զորակազմի հրամանատարությունը համաձայն է ադրբեջանական մաքսային կետ տեղադրել Լաչինի միջանցքում՝ իրականությանը չի համապատասխանում։

Խաղաղապահ զորակազմի պատասխանատվության արգելված առարկաներ մուտքը չթույլատրելու նպատակով ՌԴ խաղաղապահների կողմից դիտարկվել է Լաչինի միջանցքի թիվ 1 հենակետում ռենտգեն-սկաների տեղադրման հնարավորությունը՝ մտնող տրանսպորտային միջոցների զննման նպատակով։

Բեռների վերահսկողությունը պլանավորվում է իրականացնել Խաղաղապահ զորակազմի մասնագետների կողմից։

Ըստ այդմ, կրկին շեշտում ենք, որ Լաչինի միջանցքում ադրբեջանական հսկիչ կետ տեղակայելու մասին շրջանառվող լուրերը կեղծ են և չեն բխում Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի ղեկավարների ընդունած եռակողմ հայտարարության դրույթներից։ Կոչ ենք անում տուրք չտալ ապատեղեկատվությանը և հետևել բացառապես պաշտոնական լրատվությանը»,-ասվում է հայտարարության մեջ։

Արցախի ԱԱԾ-ն ևս հայտարարություն էր տարածել` նշելով, որ Արցախը Հայաստանի հետ կապող միջանցքում ադրբեջանական հենակետ տեղադրելու մասին լուրերը կեղծ են։

«Այսօր զանգվածային լրատվամիջոցներով ու սոցիալական ցանցերով տարածվել է Արցախում ռուսական խաղաղապահ զորակազմի ղեկավար Անդրեյ Վոլկովի հարցազրույցը, որի հիման վրա հետևություն է արվել, որ Արցախը Հայաստանի հետ կապող միջանցքում տեղադրվելու է ադրբեջանական հետակետ:

ԱՀ ազգային անվտանգության ծառայության կողմից հարցի շուրջ քննարկում է կազմակերպվել Ա.Վոլկովի հետ, որի ընթացքում վերջինս հայտարարել է, որ միջանցքում հենակետ չի լինելու, այն ադրբեջանցիների կողմից չի վերահսկվելու և միջանցքում՝ խաղաղապահների տեղակայման վայրերում ադրբեջանցիներ չեն լինելու: Վոլկովի պնդմամբ ընդամենը նախատեսվում է տեղադրել տեխնիկական վերահսկման սարքեր՝ խաղաղապահների աշխատանքը հեշտացնելու համար:

Վերոգրյալի մասին առաջիկայում համապատասխան հայտարարությամբ հանդես կգա նաև Արցախում ռուսական խաղաղապահ առաքելության ղեկավարությունը», - ասված է հաղորդագրության մեջ։

Ավելի վաղ Արցախի տեղեկատվական շտաբը հայտնել էր, որ Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Ռուս խաղաղապահների մասնակցությամբ 3 ժամ տևած բանակցություններից հետո ճանապարհը բացվել է։