Արցախի պետական նախարար Ռուբեն Վարդանյանը, Ասկերանի շրջանի վարչակազմում խորհրդակցության և շրջայցի ժամանակ անդրադառնալով անվտանգության խնդրին, ասել է, որ խաղաղության հաստատման հնարավորությունը միայն արցախցիների ուժի և համախմբվածության մեջ է։
«Ոչ մի պայմանագիր չի կարող լուծել այդ հարցը, քանի որ ունենք հարևան պետություն, որը չի ուզում, որ մենք այստեղ ապրենք: Մենք պետք է դառնանք ուժեղ, համախմբված, որպեսզի իրենք չկարողանան հարցը լուծել մեզ համար անընդունելի եղանակով: Մենք պետք է շարունակենք մեր պայքարը բոլոր ուղղություններով՝ դիվանագիտական, ռազմական, քաղաքական, տեղեկատվական: Մենք պետք է զգոն լինենք»,-ասել է նա:
Խոսելով Ստեփանակերտ- Գորիս ճանապարհի փակման միջադեպի մասին՝ Ռուբեն Վարդանյանը նշել է, որ նման սադրանքների պետք է պատրաստ լինել:
«Իրավիճակն այսպիսին է: Դրա դեմ պետք է պայքարենք բոլոր միջոցներով: Այս իրականությունը մեզնից բոլորովին այլ մոտեցումներ է պահանջում՝ թե՛ խնդիրների ախտորոշման, թե՛ որոշումների կայացման, թե՛ ընդհանուր գործելաոճի հարցում: Մենք շատ լուրջ վտանգներ և մարտահրավերներ ունենք, բայց ես վստահ եմ, որ մենք դրանք հաղթահարելու ենք: Մեր պայքարը շարունակվում է մեր հողի վրա ապրելու իրավունքի, մեր երեխաների ապագայի համար: Եվ սա ամբողջ հայության պայքարն է»,-ասել է նա:
Ավելի վաղ Արցախի տեղեկատվական շտաբը հայտնել էր, որ Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Ռուս խաղաղապահների մասնակցությամբ 3 ժամ տևած բանակցություններից հետո ճանապարհը բացվել է։