6 դեկտեմբերի 2022 - 12:32 AMT
Չավուշօղլուն հույս է հայտնել, որ «Հայաստանը խելքի կգա» և կշահի նախագծերից, «որոնք կանցնեն այդ երկրով»

Թուրքիայի ԱԳ նախարար Մևլութ Չավուշօղլուն հույս է հայտնել, որ Հայաստանը Թուրքիայի և Ադրբեջանի հետ հարաբերությունների կարգավորման ճանապարհով օգուտ կստանա այն նախագծերից, որոնք կանցնեն այդ երկրով, գրում է Sputniк Արմենիան ՌԻԱ Նովոստիին հղումով։

«Հուսով ենք, որ Հայաստանը նույնպես խելքի կգա և նույնպես կշահի նախագծերից, որոնք կանցնեն այդ երկրով», - Չավուշօղլուի խոսքերը մեջբերել է «Անադոլու» գործակալությունը։

Ավելի վաղ Թուրքիայի նախագահի պաշտոնական ներկայացուցիչ Իբրահիմ Քալընը հայտնել էր, որ Թուրքիայի և Հայաստանի ներկայացուցիչները եղել են սահմանի երկու կողմերում և նույնիսկ ճաշել են Հայաստանի տարածքում: Քալընի խոսքով ՝ քննարկվել են այն աշխատանքները, որոնք պետք է իրականացվեն սահմանների բացման ժամանակ, ինչպես նաև կամուրջների վերանորոգման, սահմանային վերահսկողության, անցակետերի հետ կապված հարցեր։

Հայաստան-Թուրքիա կարգավորման գործընթացի շրջանակում երկու երկրների հատուկ ներկայացուցիչների առաջին հանդիպումը կայացավ հունվարի 14-ին Մոսկվայում, մյուս երեքը` փետրվարի 24-ին, մայիսի 3-ին և հուլիսի 1-ին Վիեննայում։