6 դեկտեմբերի 2022 - 13:58 AMT
Netflix-ի սերիալը՝ Թուրքիայում սկանդալի պատճառ․ Արևելյան շրջանները քարտեզում ներկայացված են որպես Հայաստանի տարածք

Netflix-ի նկարահանած սերիալներից մեկում ցուցադրված քարտեզը Թուրքիայում սկանդալի պատճառ է դարձել, քանի որ երկրի արևելյան շրջանները ներկայացվել են որպես Հայաստանի տարածք, գրում է «Վզգլյադը»՝ թուրքական Sabah-ին հղումով։

Խոսքը Pepsi, Where's My Jet սերիալի 1-ին էպիզոդի մասին է։

Նշվում է, որ սա առաջին դեպքը չէ, կապված «Netflix-ի սադրանքների հետ»։ Ասվում է, թե Netflix-ն իր ֆիլմերում պարբերաբար թիրախավորում է Թուրքիան և թուրքերին։

Օրինակ, նշվում է, որ Սիրիայում «Մոսսադի» գործակալի մասին «Լրտեսը» սերիալի 4-րդ էպիզոդում պատին փակցված էր «մասնատված» Թուրքիայի քարտեզը։ Իսկ Netflix-ի փաստագրական «Երկրորդ համաշխարհային պատերազմի ամենակարևոր իրադարձությունները» սերիալում «աշխարհի քարտեզի վրա Թուրքիան մասնատված էր, իսկ անջատված հողերը նշված էին որպես Հայաստանի տարածք»։