«Շարք» ՍՊԸ-ն, որը նույն TV 5-ն է, հայցադիմում է ներկայացրել դատարան՝ պահանջելով ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Խաչատուր Սուքիասյանին պարտավորեցնել զրպարտություն համարվող տեղեկությունը հրապարակային հերքելու։ Հեռուստաընկերությունը նաև 200,000 դրամի չափով ոչ նյութական վնասի փոխհատուցում է պահանջել, հայտնում է «Հրապարակը»։
Հայցը ներկայացվել է նոյեմբերի 25-ին և մակագրվել դատավոր Մուրադ Հովակիմյանին։
Ավելի վաղ Սուքիասյանն ԱԺ-ում «5-րդ ալիքի» լրագրող Արփի Սուքիասյանի հարցից հունից դուրս էր եկել և ասել. «Ձեր սեփականատերը գող է ու ավազակ, ոչ մի բան չի արել այս երկրի համար, միլիարդավոր դոլարներ ունի»։ Խաչատուր Սուքիասյանը նաև ասել էր, թե ինքն ապօրինի գույք չունի, իսկ «5-րդ ալիքի» սեփականատերն ունի ապօրինի գույք։
«5-րդ ալիքի» սեփականատերը Ռոբերտ Քոչարյանի թիմակից Արմեն Թավադյանն է՝ 90-ականներին Ռուսաստանում Արցախի պաշտոնական ներկայացուցիչը»։