6 դեկտեմբերի 2022 - 17:26 AMT
Նախագիծ․ Պաշտոնյային տրվող արարողակարգային նվերները չեն հաշվառվի

ԱԺ նիստում ներկայացված նոր նախագծով նոր կարգավորումներ են սահմանվում հանրային պաշտոն զբաղեցնող անձանց շահերի բախման, նվերների ինստիտուտի վերաբերյալ։ Առաջարկվում է, որ արարողակարգային կերպով տրվող նվերները հաշվառման ենթակա չլինեն, հայտնում է «Առավոտը»։

«Հանրային ծառայության մասին» օրենքում փոփոխություններ և լրացումներ կատարելու մասին» նախագիծը ներկայացրել է արդարադատության փոխնախարար Արփինե Սարգսյանը։

«Նախատեսվել է, որ օտարերկրյա պետությունների, միջազգային կազմակերպությունների կողմից արարողակարգային կերպով տրվող նվերները հաշվառման ենթակա չեն: Սկզբնական տարբերակում նշված էր, որ հաշվառման են ենթարկվելու բոլոր այն նվերները, որոնք, ըստ էության, նախագծին համահունչ պետք է հաշվառվեին, բայց հաշվի առնելով այն հանգամանքը, որ այսպիսի միջոցառումների ժամանակ ունենք հրապարակայնության բաղադրիչը, պաշտոնատար անձանց ծանրաբեռնվածությունը չմեծացնելու համար նախատեսվում է, որ արարողակարգային նվերները հաշվառման ենթակա չեն լինելու»,-ասել է նա:

Նախատեսվում է նաև փոփոխել փոխկապակցված անձանց շրջանակը և հանել հետևյալ անձանց՝ պապը, տատը, թոռը, մորաքույրը, հորաքույրը, հորեղբայրը, մորեղբայրը, քրոջ և եղբոր զավակները, պաշտոն զբաղեցնող անձի մորաքրոջ, հորաքրոջ, հորեղբոր, մորեղբոր զավակները, քրոջ, եղբոր զավակի ամուսինները:

Ժամանակին հանրային պաշտոն զբաղեցնող անձանց հետ փոխկապակցված այս ամբողջ բարեկամական շղթան ընդգրկվել էր, որ բացառվի այսպես ասած «զոքանչի, բաջանաղի անունով» ձևակերպելու պրակտիկան, հիմա նորից շրջանակը նեղացվում է: