6 դեկտեմբերի 2022 - 17:29 AMT
Պետպաշտոնյաների բազային աշխատավարձը կբարձրանա, հավելավճարը նույնքան կնվազի

Պետական պաշտոնյաների բազային աշխատավարձը կբարձրանա և կկազմի 83,200 դրամ, հավելավճարը նույնքան կնվազի։ Այդ մասին ԱԺ-ում ասել է ՀՀ վարչապետի աշխատակազմի քաղաքացիական ծառայության գրասենյակի ղեկավար Վաչե Քալաշյանը, ներկայացնելով Կառավարության հեղինակած «Պետական պաշտոններ եւ պետական ծառայության պաշտոններ զբաղեցնող անձանց վարձատրության մասին» օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրենքի նախագիծը։

Նախագծով առաջարկվում է առանձնակի ռիսկային եւ մասնագիտացում պահանջող պաշտոն զբաղեցնողների, ինչպես նաեւ Սահմանադրական դատարանի նախագահի, փոխնախագահի եւ դատավորի պաշտոններ զբաղեցնող անձանց լրացուցիչ աշխատավարձը` հավելումը և հավելավճարը, նվազեցնել բազային աշխատավարձի բարձրացման չափով:

Վաչե Քալաշյանի պարզաբանմամբ նվազեցումները պայմանավորված են այն հանգամանքով, որ 2023 թ. հունվարի 1-ից նվազագույն աշխատավարձը սահմանվել է 75,000 դրամ, որի արդյունքում, օրենքով սահմանված կարգով, պետք է բարձրանա նաեւ պետական պաշտոն և պետական ծառայության պաշտոն զբաղեցնող անձանց բազային աշխատավարձը` կազմելով 83,200 դրամ:

«Եվ որպեսզի հավելումներով պայմանավորված լրացուցիչ և հիմնական աշխատավարձերի համախառն եկամուտի խզվածքն այլ համանման գործառույթներ իրականացնող անձանց միջև չմեծանա, առաջարկվել են վերոնշյալ փոփոխությունները»,- նշել է Քալաշյանը:

Ըստ առաջարկվող փոփոխությունների, Սահմանադրական դատարանի նախագահի, փոխնախագահի և դատավորի համար սահմանված 80 տոկոս հավելումը դառնում է 70 տոկոս: Հակակոռուպցիոն դատարանի դատավորի համար սահմանված 70 տոկոս հավելումը` 60 տոկոս: Վերաքննիչ քրեական դատարանի կոռուպցիոն հանցագործությունների գործերը քննող առանձին դատավորների համար սահմաված 60 տոկոս հավելումը ևս կնվազեցվի` դառնալով 55 տոկոս:

Հակակոռուպցիոն կոմիտեում ինքնավար պաշտոն զբաղեցնող անձանց, ինչպես նաեւ կոմիտեի ծառայողների մինչ այդ սահմանված 100 տոկոս հավելումը կնվազի, դառնալով 92 տոկոս:

ԱԺ նիստում ներկայացված նոր նախագծով նոր կարգավորումներ են սահմանվում հանրային պաշտոն զբաղեցնող անձանց շահերի բախման, նվերների ինստիտուտի վերաբերյալ։ Առաջարկվում է, որ արարողակարգային կերպով տրվող նվերները հաշվառման ենթակա չլինեն: