6 դեկտեմբերի 2022 - 18:18 AMT
Գյումրիում բացվել է «Միավորվենք» արշավի բասկետբոլային խաղահրապարակը

Նոյեմբերի 26-ին Գյումրիում տեղի է ունեցել Հայաստանի Բասկետբոլի Ա-լիգայի «Միավորվենք» արշավի շրջանակում կառուցված բասկետբոլի խաղահրապարակի բացման հանդիսավոր արարողությունը:

«Միավորվենք» արշավը սկսվել էր Բասկետբոլի Ա-լիգայի նախորդ՝ 2021/22 մրցաշրջանում, երբ բասկետբոլիստների հավաքած խաղային միավորների քանակով գումար էր կուտակվում արշավի բյուջեում:Մրցաշրջանի ավարտից հետո այդ գումարով սկսվել է բացօթյա խաղահրապարակի կառուցումը Գյումրիում: Նախաձեռնությունը իրագործվել է Բադալյան եղբայրների աջակցությամբ:

Բացման արարողությանը ներկա էին Գյումրիի քաղաքապետ Վարդգես Սամսոնյանը, Ա-Լիգայի նախագահ Արա Պողոսյանը, Գյումրիի սպորտային ոլորտի տարբեր ներկայացուցիչներ: Գյումրու «Ա.Սարգսյանի անվ. Համալիր մարզադպրոցի» պատանի բասկետբոլիստները անցկացրել են ցուցադրական խաղ:

Բացօթյա խաղահրապարակը գտնվում է Գյումրիի Չայկովսկու փողոցում և մշտապես բաց է բոլորի համար: 650 քմ մակերեսով ցանկապատված խաղահրապարակում՝ շնորհիվ լուսավորության, հնարավոր է խաղալ նաև երեկոյան ժամերին: Խաղահրապարակն ունի հատուկ ռետինե ծածկույթ, որը ոչ միայն թույլ է տալիս խուսափել վնասվածքներից, այլև դիմացկուն է Գյումրու եղանակային պայմանների համար: