7 դեկտեմբերի 2022 - 12:20 AMT
Վարդանյանը՝ գերմանական ZDF-ին․ Արցախի ժողովուրդը չի տեսնում իր ապագան Ադրբեջանի կազմում

ԱՀ պետնախարար Ռուբեն Վարդանյանը գերմանական ZDF հեռուստաալիքին տված հարցազրույցում ասել է, որ Արցախի ժողովուրդը չի տեսնում իր ապագան Ադրբեջանի կազմում, և այդ մասին իր հստակ դիրքորոշումը վաղուց է հայտնել: Վարդանյանն այդ մասին տեղեկացրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Ադրբեջանը ևս պետք է հասկանա ու ընդունի, որ խաղաղության հասնելու միակ տարբերակը նույն տարածաշրջանում կողք կողքի, բայց ոչ միասին ապրելն է: Այս մասին ևս մեկ անգամ հնարավորություն ունեցա կրկնելու Գերմանիայի հանրային՝ ZDF հեռուստաալիքին տված հարցազրույցում:

Հեռուստաալիքը ծավալուն ռեպորտաժով անդրադարձել է Հայաստանին և Արցախին, մասնավորապես, սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ագրեսիային և դրա հետևանքներին, ինչպես նաև կադրեր հրապարակել հոկտեմբերին Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում տեղի ունեցած բազմահազարանոց հանրահավաքից:

Համաշխարհային լրատվամիջոցների ուշադրությունն ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության նկատմամբ ողջունելի է»,-ասվում է գրառման մեջ։

Դեկտեմբերի 6-ին Վարդանյանը, Ասկերանի շրջանի վարչակազմում խորհրդակցության և շրջայցի ժամանակ անդրադառնալով անվտանգության խնդրին, ասել է, որ խաղաղության հաստատման հնարավորությունը միայն արցախցիների ուժի և համախմբվածության մեջ է։

«Ոչ մի պայմանագիր չի կարող լուծել այդ հարցը, քանի որ ունենք հարևան պետություն, որը չի ուզում, որ մենք այստեղ ապրենք: Մենք պետք է դառնանք ուժեղ, համախմբված, որպեսզի իրենք չկարողանան հարցը լուծել մեզ համար անընդունելի եղանակով: Մենք պետք է շարունակենք մեր պայքարը բոլոր ուղղություններով՝ դիվանագիտական, ռազմական, քաղաքական, տեղեկատվական: Մենք պետք է զգոն լինենք»,-ասել է նա: