7 դեկտեմբերի 2022 - 15:09 AMT
Հարությունյանը՝ Ֆրանսիայում․ Ուզում ենք, որ Լաչինի միջանցքն ունենա լրացուցիչ միջազգային երաշխիքներ

Աշխատանքային այցով Ֆրանսիայում գտնվող Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը Սենատի բոլոր խորհրդարանական խմբերի ղեկավարների և Ազգային ժողովի խմբակցությունների պատասխանատուների հետ հանդիպմանը բարձր է գնահատել կառույցների հետևողական ջանքերը՝ ուղղված ադրբեջանա-ղարաբաղյան հակամարտության կարգավորմանը:

Ֆրանսիացի խորհրդարանականներին ներկայացնելով Արցախում տիրող հետպատերազմյան իրավիճակը՝ Հարությունյանը նշել է՝ Արցախում ցանկանում են, որ Լաչինի միջանցքն ունենա լրացուցիչ միջազգային երաշխիքներ Հայաստանի և արտաքին աշխարհի հետ Արցախի կապն անխափան ապահովելու համար, հայտնում է ԱՀ նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունը։

Նա նշել է, որ Արցախը կապված է Հայաստանի և արտաքին աշխարհի հետ միայն մեկ ճանապարհով՝ 5 կմ լայնությամբ Լաչինի միջանցքով:

«Ադրբեջանը ցանկանում է կտրել այդ միակ և վերջին կապն արտաքին աշխարհի հետ՝ խեղդամահ անելով Արցախը։ Մենք ցանկանում ենք, որ Լաչինի միջանցքն ունենա լրացուցիչ միջազգային երաշխիքներ Հայաստանի և արտաքին աշխարհի հետ Արցախի կապն անխափան ապահովելու համար», - ասել է ԱՀ նախագահը։

Հարությունյանը նշել է, որ Ֆրանսիայի Սենատի և Ազգային ժողովի կողմից Արցախի վերաբերյալ ընդունված բանաձևերը լավ հիմք են Արցախի և Ադրբեջանի միջև հակամարտության համապարփակ և հաստատուն կարգավորման համար։

«Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի հարգումը և այդ իրավունքի իրացման արդյունքների ճանաչումը հակամարտության կարգավորման միակ ճանապարհն է, որը երաշխավորում է Արցախի ժողովրդի իրավունքների և անվտանգության պատշաճ մակարդակի ապահովումը»,- ընդգծել է Արայիկ Հարությունյանը։

Շնորհակալություն հայտնելով խորհրդարանականներին բանաձևերի ընդունման համար՝ երկրի ղեկավարը նշել է, որ այդ որոշումները քաղաքական ուղերձ են և լիովին համապատասխանում են Ֆրանսիայի քաղաքական ավանդույթներին՝ հիմնված ազատության, հավասարության և եղբայրության սկզբունքների վրա։ Նախագահի խոսքով՝ հիմա առավել կարևոր խնդիր է այս քաղաքական ուղերձները իրականություն դարձնելը, դրանց իրական ուժ տալը։ Այդ համատեքստում նախագահը հույս է հայտնել, որ Արցախի Հանրապետության ճանաչման ուղղությամբ աշխատանքներն ավարտին կհասցվեն Ֆրանսիայի գործադիր իշխանության կողմից, ինչը թույլ կտա կանխել հայերի նոր ցեղասպանությունն իրենց հայրենիքում:

Երկրի ղեկավարը նաև հույս է հայտնել, որ Ֆրանսիայի խորհրդարանի երկու պալատների կողմից բանաձևերի ընդունումը, որոնցով կոչ է արվում ճանաչել Արցախի Հանրապետությունը, օրինակ կծառայի աշխարհի այլ երկրների համար։

Արցախը, ըստ Հարությունյանի, ակնկալում է Ֆրանսիայի ակտիվ ներգրավվածությունը նաև մարդասիրական ծրագրերի կյանքի կոչման, գերության մեջ գտնվող հայերի վերադարձման և Ադրբեջանի բռնազավթած տարածքներում վտանգված հայկական հոգևոր-մշակութային ժառանգությունը փրկելու գործում:

Հանդիպումներին ներկա էին նաև Ֆրանսիայում ՀՀ արտակարգ ու լիազոր դեսպան Հասմիկ Տոլմաջյանը և ՀՅԴ բյուրոյի անդամ, Ֆրանսիայի հայկական կազմակերպությունների համակարգող խորհրդի (CCAF) համանախագահ Մուրադ Փափազյանը։

Այցի ընթացքում նախատեսված են նաև այլ հանդիպումներ:

Ավելի վաղ Արցախի տեղեկատվական շտաբը հայտնել էր, որ Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել են Ստեփանակերտ-Գորիս մայրուղին: Ռուս խաղաղապահների մասնակցությամբ 3 ժամ տևած բանակցություններից հետո ճանապարհը բացվել է։

Ավելի ուշ ԱՀ ԱԽ-ն, անդրադառնալով Լաչինի միջանցքում ադրբեջանական հենակետ տեղադրելու մասին լուրերին, հայտարարություն է տարածել, որտեղ ասվում է, որ դիտարկվել է Լաչինի միջանցքում ոչ թե մաքսակետ, այլ ռենտգեն-սկաների տեղադրման հնարավորությունը։