7 դեկտեմբերի 2022 - 18:13 AMT
Սայաթ Շիրինյանը ևս չի վերցնի մանդատը

«Հայաստան» դաշինքի անդամ Սայաթ Շիրինյանը ևս չի վերցնի ԱԺ պատգամավորական մանդատը։ Այդ մասին նա գրել է ֆեյսբուքյան իր էջում։

«Այսօր ԿԸՀ ներկայացրել եմ ԱԺ պատգամավորական մանդատը չվերցնելու վերաբերյալ իմ դիմումը։ Պաշտոնը իմ համար երբեք չի եղել ինքնանպատակ, առավել ևս ինքնանպատակ չի կարող լինել երկրի ներկայացուցչական մարմնի մանդատը։

Ներողություն եմ խնդրում իմ այն բոլոր հայրենակիցներից, ովքեր ակնկալում էին ինձ տեսնել ԱԺ-ում, միևնույն ժամանակ խնդրում եմ հարգանքով վերաբերել իմ անձնական որոշմանը։

Իմ համոզմունքներում ու մոտեցումներում որևէ փոփոխություն տեղի չի ունեցել, այն է՝ ամեն գնով ազատվել ապազգային իշխանություններից։

Ավելորդ շահարկումները կանխելու համար հայտնում եմ, որ եղել և լինելու եմ նախագահ Քոչարյանի թիմակիցը։

Վստահեցնում եմ նաև, որ ինչպես միշտ, այսուհետ ևս լինելու եմ ազատագրական պայքարի առաջամարտիկների շարքերում»։

Ավելի վաղ մանդատը չվերցնելու մասին են հայտնել նաև իրավաբան Ռոբերտ Հայրապետյանը, թուրքագետ Ռուբեն Մելքոնյանը։

«Վերածնվող Հայաստան» կուսակցության խորհրդի նոյեմբերի 28-ին կայացրած որոշմամբ՝ կուսակցությունը դադարեցնում է գործունեությունն Ազգային ժողովում։ «Կուսակցության անդամ 4 պատգամավորից 3-ը՝ կուսակցության նախագահ Վահե Հակոբյանը, փոխնախագահներ Հռիփսիմե Ստամբուլյանն ու Ելենա Կիրակոսյանը, օրենքով սահմանված կարգով դիմում են ներկայացրել` իրենց մանդատներից հրաժարվելու վերաբերյալ:

«Վերածնվող Հայաստան» կուսակցությունը շարունակելու է իր գործունեությունը ընդդիմադիր դաշտում՝ կուսակցության հռչակած արժեքների ու քաղաքականության շրջանակներում։