7 դեկտեմբերի 2022 - 18:35 AMT
Միրզոյան. Խաղաղության հաստատման վերաբերյալ բանակցություններն ակտիվ փուլում են

ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Ազգային ժողովում հարցուպատասխանի ժամանակ ասել է, որ Ադրբեջանի հետ խաղաղության կամ հարաբերությունների հաստատմանն ուղղված բանակցություններն ակտիվ փուլում են, շարունակվում են։

Նշելով, որ փաստաթուղթ է շրջանառվում, այսինքն փաստաթղթի ամեն անգամ նոր խմբագրություն՝ Միրզոյանը հավելել է, որ ստացել են ադրբեջանական կողմից հերթական առաջարկները և հայկական կողմը հանդես կգա իր հերթական առաջարկներով։

ԱԳ նախարարը նշել է, որ կողմերի մոտեցումները բազմաթիվ հարցերում դեռևս շատ հեռու են իրարից, բայց բանակցությունները հենց դրա համար են, որ կարողանան հեռու դիրքորոշումների միջև ընդհանուր եզրեր գտնել և ընդհանուր եզրակացության գալ։

Խոսելով մինչև տարեվերջ ՀՀ և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպման հավանականության մասին՝ Միրզոյանն ասել է, որ թեև վերջնական պլանավորված այդպիսի հանդիպում չկա, բայց կարծում է, որ մինչև տարեվերջ կունենան ևս մեկ հանդիպում։

Նա նշել է նաև, որ թեև նախապես հայտարարվել էր, որ մինչև տարեվերջ կարող է խաղաղության պայմանագիր կնքվել, ինքը վստահ չէ, որ դա կստացվի անել մինչև տարեվերջ։

«Եթե նույնիսկ չստացվի մինչև տարեվերեջ, բանակցությունները կշարունակվեն դրանից հետո»,-ասել է նա։

Միրզոյանն անդրադարձել է նաև դեկտեմբերի 7-ին ՀՀ և Ադրբեջանի ղեկավարների կայանալիք հանդիպման չեղարկմանը։

«Ադրբեջանական կողմը խեղաթյուրում է պայմանավորվածությունները, Պրահայում քառակողմ պայմանավորվածություն էր ձեռք բերվել հաջորդ հանդիպման վերաբերյալ, բայց ադրբեջանական կողմը հրաժարվել է այս ձևաչափով հանդիպել, սա ապակառուցողական քայլ է, այս պահին ղեկավարների հանդիպման որևէ պայմանավորվածություն չկա»,-ասել է նա։

ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի խոսնակ Դմիտրի Պեսկովը հայտարարել է, որ Ռուսաստանը պատրաստ է անհրաժեշտ աջակցություն ցուցաբերել իր տարածքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի հնարավոր հանդիպման համար:

ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը լրագրողների հետ հանդիպմանն ասել է, որ մինչև տարեվերջ հնարավոր է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի կամ երկու երկրի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։ Ադրբեջանի ԱԳ նախարար Ջեյհուն Բայրամովը ՌԴ արտգործնախարար Սերգեյ Լավրովի հետ բանակցություններին հաջորդած ասուլիսում հայտարարել էր, որ ՀՀ և Ադրբեջանի միջև բանակցությունների 3-րդ փուլը կարող է կայանալ մինչև տարեվերջ։