8 դեկտեմբերի 2022 - 13:25 AMT
Նոր հետախուզական ծառայության ստեղծման նախագիծը հաստատվել է

Կառավարությունը հաստատել է նոր հետախուզական ծառայություն ստեղծելու նախագիծը, այն կգործի որպես վարչապետին ենթակա պետական կառավարման մարմին:

Անդրադառնալով հարցին՝ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է․ «Աշխարհում հետախուզական գործունեության ձևերն ու մեթոդները զարգանում են այնպես, որ միշտ չէ, որ կապ ունեն զինվորական բնույթի ծառայության հետ։ Եվ մենք որոշել ենք ստեղծել ԱՀԾ` որպես վարչապետին ենթակա մարմին»։

«Արտաքին հետախուզական գործունեության և արտաքին հետախուզության ծառայության մասին» օրենքի և հարակից օրենքների նախագծերը ներկայացրել է արդարադատության նախարարի տեղական Գրիգոր Մինասյանը` շեշտելով, որ նոր ծառայությունը կրելու է բացառապես քաղաքացիական բնույթ։

Մինասյանն ասել է, որ Արտաքին հետախուզության ծառայության ստեղծումից երեք տարի անց, արտաքին հետախուզական գործունեություն իրականացնող մյուս մարմինները, որպիսիք կան պաշտպանության նախարարության և Ազգային անվտանգության ծառայության կազմում, կդադարեն այդպիսի գործունեություն իրականացնել:

Նշվել է, որ ծառայության ստեղծումը կնպաստի ԱԱԾ գործառութային արդյունավետության բարձրացմանը, ինչպես նաև հնարավորություն կտա արձագանքել փոփոխվող աշխարհի ու տարածաշրջանի մարտահրավերներին:

Նախագիծը կներկայացվի ԱԺ–ի քննարկմանը։