9 դեկտեմբերի 2022 - 15:27 AMT
Գրիգորյան․ Բաքվի հետ համաձայնություն կա խաղաղության պայմանագրի միայն 1 կետի մասով

Երևանն ու Բաքուն համաձայնության են եկել ՀՀ և Ադրբեջանի միջև կնքվելիք խաղաղության պայմանագրի միայն 1 կետի վերաբերյալ։ Այդ մասին դեկտեմբերի 8-ին Ազգային ժողովում հայտարարել է ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը։

Այդ կետը դիվանագիտական հարաբերությունները Վիեննայի կոնվենցիայի շրջանակում հաստատելուն է վերաբերում։

«Ուրիշ ոչ մի կետի շուրջ դեռ ոչ մի հստակ համաձայնություն չկա»,-ասել է Գրիգորյանը։

Ներկայացնելով Ադրբեջանի հետ քննարկվող ուղղությունները՝ նա ասել է․ «Հայ ժողովրդին հայտնի են բոլոր այն խնդիրները, որոնք գոյություն ունեն ՀՀ և Ադրբեջանի միջև. ԼՂ հիմնախնդիր, չդելիմիտացված և չդեմարկացված սահման, ապաշրջափակում, հումանիտար հարցեր։ Ընդհանուր առմամբ, քննարկումներն հենց այս ուղղություններով են»։

Ըստ ԱԽ քարտուղարի, Ադրբեջանի այն մոտեցումը, թե ԼՂ հարցը լուծված է, որևէ ձևով չի նպաստում այս հարցով առաջ ընթանալուն։

«Ադրբեջանական կողմի համար ղարաբաղյան հարցը դարձել է փիղը սենյակում, այսինքն՝ խնդիրը կա, բայց փորձում են ձևացնել, թե չկա։ Որոշակի չափով ադրբեջանական կողմի այդ մոտեցումն է, որ խոչընդոտներ է ստեղծում ավելի արագ առաջ շարժվելու համար»,- ասել է Գրիգորյանը։

Դեկտեմբերի 8-ին Գրիգորյանը, անդրադառնալով խաղաղության պայմանագրի նախագծի մասով ադրբեջանական կողմի առաջարկներին, որը փոխանցվել էր հայկական կողմին, ասել էր, որ պայմանագրի շուրջ աշխատանքը շարունակվում է։

«Տեքստի վրա շարունակում ենք աշխատել, և մեր կողմից խմբագրված տարբերակը շուտով կփոխանցվի Ադրբեջանին»,- ասել էր Գրիգորյանը: