9 դեկտեմբերի 2022 - 16:23 AMT
Գրիգորյանը՝ Հաջիևին․ Հերքվում է փաստված բան, ամերիկյան կողմն էլ է ներկա եղել

Անվտանգության խորհրդի քարտուղար Արմեն Գրիգորյանն ԱԺ-ում, անդրադառնալով Ադրբեջանի նախագահի խորհրդական Հիքմեթ Հաջիևի խոսքերին, որը հերքել է Վաշինգտոնում միջազգային մեխանիզմների մասով պայմանավորվածության առկայությունը, ասել է՝ հերքվում է փաստված բան` ամերիկյան կողմն էլ է ներկա եղել։

Դեկտեմբերի 8-ին Գրիգորյանն ասել էր, որ Վաշինգոտնյան հանդիպումից հետո իր և Հաջիևի միջև համաձայնություն կար ստեղծել միջազգային մեխանիզմ, որպեսզի Լեռնային Ղարաբաղն ու Ադրբեջանը քննարկեն ԼՂ հայերի իրավունքներն ու անվտանգությունը։ Հաջիևը հակադարձել է, թե նման բան չի եղել` բանակցություններում որևէ հարցի քննարկում չի նշանակում, որ այդ հարցի շուրջ համաձայնություն է ձեռք բերվել:

Գրիգորյանը, արձագանքելով Հաջիևին, ասել է, որ կան բաներ, որոնք հնարավոր չէ հերքել:

«Վաշինգտոնում ադրբեջանական կողմի հետ անցկացված բանակցությունների սենյակում միայն հայկական կողմը չի եղել` ամերիկյան կողմն էլ է ներկա եղել։ Կա դրա մասին արձանագրություն և ադրբեջանական կողմը տեղյակ է։ Զարմանում եմ, որ հերքվում է փաստված բանը»,-ասել է նա՝ հավելելով, որ շարունակելու են աշխատել։

«Բնականաբար, շարունակելու ենք աշխատել, որ հասկանանք, թե որն է այն մեխանիզմը, որի շրջանակներում պայմաններ են ստեղծվելու, որ Լեռնային Ղարաբաղի և Ադրբեջանի միջև քննարկում տեղի ունենա ԼՂ-ում ապրող հայերի անվտանգության և իրավունքների վերաբերյալ»,-ասել է Գրիգորյանը։

ԱԽ քարտուղարը տեղեկացրել է նաև, որ վերջին շրջանում միջազգային գործընկերների հետ բազմաթիվ աշխատանքներում հետաքրքրություն են տեսել այս ուղղությամբ շարունակելու աշխատանքները։ Նա հույս է հայտնել, որ հայկական կողմը կկարողանա հասնել այդ նպատակին։