9 դեկտեմբերի 2022 - 17:22 AMT
ԱՀ ԱԺ-ն դիմել է ԱՄՆ-ին, Ֆրանսիային, ՌԴ-ին՝ առաջարկելով Ադրբեջանի գործողությունները որակել ցեղասպանություն

Արցախի Ազգային ժողովի արտահերթ նիստի աշխատանքներին անցնելուց առաջ խորհրդարանի նախագահ Արթուր Թովմասյանը դեկտեմբերի 9-ի՝ ՄԱԿ-ի կողմից հաստատված ցեղասպանությունների կանխարգելման և դատապարտման օրվա առիթով հրապարակել է ԱՀ ԱԺ առաջարկությունը:

«Ռուսաստանի Դաշնությանը, Ամերիկայի Միացյալ Նահանգներին, Ֆրանսիային, աշխարհի բոլոր պետություններին և նրանց խորհրդարաններին ԱՀ Ազգային ժողովն առաջարկում է՝ դատապարտել Ադրբեջանի ներկայիս սադրիչ գործողությունները Արցախի Հանրապետության ու նրա ժողովրդի նկատմամբ և որակել այն որպես 21-րդ դարում իրականացվող ցեղասպանություն», ասվում է առաջարկության մեջ։

Այնուհետև խորհրդարանը լռության րոպեով հարգել է բոլոր պետություններում ցեղասպանության ենթարկված անմեղ զոհերի հիշատակը:

Հաջորդիվ խորհրդարանն անցել է օրակարգային միակ հարցի՝ ««Զինվորական ծառայության և զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում փոփոխություն կատարելու մասին» օրենքի նախագծի քննարկմանը:

Նախագծին, որը նախօրեին արժանացել էր ԱԺ պաշտպանության, օրինապահպանության և անվտանգության հարցերի մշտական հանձնաժողովի հավանությանը, 29 կողմ ձայնով ընդունվել է որպես օրենք: