13 դեկտեմբերի 2022 - 11:03 AMT
ԵՄ դիտորդների առաքելությունը ՀՀ-ում կավարտվի դեկտեմբերի 19-ին․ Մանդատը չի երկարաձգվի

Եվրամիության դիտորդները կավարտեն առաքելությունը Հայաստանում դեկտեմբերի 19-ին՝ նրանց մանդատը չի երկարաձգվի։ Այդ մասին Բրյուսելում կայացած մամուլի ասուլիսի ժամանակ ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության հարցերով բարձր ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը։

Հարցը քննարկվել է դեկտեմբերի 12-ին Բրյուսելում կայացած Արտաքին հարաբերությունների խորհրդի նիստի ընթացքում, հայտնում է Հանրային ռադիոն։

«Մենք պայմանավորվել ենք դադարեցնել առաքելությունը և թիմ ուղարկել՝ ԵՄ-ի ապագա հնարավոր ներգրավվածությունը ուսումնասիրելու համար», - ասել է Բորելը:

Եվրոպական խորհուրդը հոկտեմբերի 17-ին որոշում էր կայացրել մինչեւ 40 ԵՄ դիտարկման փորձագետներ տեղակայել Ադրբեջանի հետ սահմանի հայկական կողմի երկայնքով՝ իրավիճակը դիտարկելու, վերլուծելու եւ զեկուցելու նպատակով։