13 դեկտեմբերի 2022 - 11:04 AMT
ԱՀ ԱԱԾ․ Ադրբեջանի հատուկ ծառայություններն Արցախի բնակիչներին տարհանելու մասով կեղծ լուրեր են տարածում

Արցախի Ազգային անվտանգության ծառայությունը հայտարարություն է տարածել՝ զգուշացնելով, որ Ադրբեջանի հատուկ ծառայությունները, օգտագործելով արցախցիների ֆեյսբուքյան էջերը, ԱՀ բնակիչներին տարհանելու վերաբերյալ կեղծ լուրեր են տարածում՝ նպատակ ունենալով խուճապ տարածել բնակչության շրջանում:

«Կոչ ենք անում չտրվել կեղծ լուրերի և պահպանել հանգստություն: ԱՀ ԱԱԾ-ն լիովին վերահսկում է իրավիճակը հանրապետության տարածքում», - ասված է հաղորդագրությունում:

Դեկտեմբերի 13-ի ժամը 09։00-ի դրությամբ Ստեփանակերտ-Գորիս միջպետական մայրուղին երկկողմանի փակ է։ Ստեղծված իրավիճակով պայմանավորված, Հայաստանից Արցախ եկող քաղաքացիները գիշերել են Գորիսում, մի մասը, այդ թվում` կանայք ու երեխաներ, Շուշիի շրջանի Լիսագոր համայնքում։

Դեկտեմբերի 12-ին` ժամը 10։30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը խախտելով 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները:

Դեկտեմբերի 10-ին, ադրբեջանական կողմը, հիմք ընդունելով ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը նախապես ուղղված՝ Մարտակերտի շրջանի հանքավայրերում դիտարկում անցկացնելու գրությունը, ծրագրում էր այցելել Դրմբոնի և Կաշենի հանքավայրեր։ Խաղաղապահ զորակազմի հրամանատարության կողմից, համաձայն իրենց վերադաս մարմինների հրահանգի, թույլատրվել է մեկանգամյա տեսողական այց վերը նշված հանքավայրեր։ Սակայն, տեղում, հանքի աշխատակիցների և հարակից համայնքների բնակիչների կողմից ինքնաբուխ կերպով արգելափակվել է ադրբեջանական խմբի մուտքը հանքավայրերի տարածք։

Դեկտեմբերի 3–ին Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել էին Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Միջադեպի մասին տեղեկացվել էին ռուս խաղաղապահները։ Ադրբեջանական կողմի հետ ավելի քան երեք ժամ տևած բանակցություններից հետո նրանց միջնորդությամբ Արցախը Հայաստանին կապող միակ մայրուղին երկկողմանի բացվեց։