13 դեկտեմբերի 2022 - 13:36 AMT
Արցախի ԱԺ-ն կոչ է անում ՄԱԿ-ի ԱԽ նիստ հրավիրել և գործուն քայլեր է ակնկալում ՀՀ-ից և ՌԴ-ից

Արցախի Ազգային ժողովը հանդես է եկել Արցախի ժողովրդին սպառնացող հումանիտար աղետը կանխելու վերաբերյալ հայտարարությամբ` կոչ անելով հրատապ ՄԱԿ-ի ԱԽ նիստ հրավիրել։

Նշվում է նաև, որ ՀՀ իշխանությունները պարտավոր են ձեռնարկել առարկայական և գործուն քայլեր` Արցախի և ՀՀ միջև անխափան ցամաքային կապի վերականգնման և ԱՀ քաղաքացիների իրավունքների պաշտպանության նպատակով:

«Ակնկալում ենք Ռուսաստանի Դաշնությունից` որպես 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության կողմ և տարածաշրջանում խաղաղության ու կայունության երաշխավոր, անհապաղ միջոցներ ձեռնարկել սանձելու Ադրբեջանի առավելապաշտական նկրտումները, որոնք կասկածի տակ են դնում արցախահայության գոյության և իր հայրենի հողում ապրելու իրավունքը, ինչպես նաև ռուսական խաղաղապահ առաքելության հեղինակությունը:

Կոչ ենք անում միջազգային կառույցներին և ՄԱԿ-ի անդամ երկրներին՝ դատապարտել Ադրբեջանի ցեղասպան քաղաքականությունը, իսկ կանխարգելման նպատակով հրատապ հրավիրել ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի նիստ՝ գործնական քայլեր կիրառելու համար:

Դիմում ենք Հայաստանի և Սփյուռքի մեր հայրենակիցներին՝ օգտագործել բոլոր հնարավորությունները` տարբեր հարթակներում բարձրաձայնելու Ադրբեջանի կողմից Արցախում ստեղծված հումանիտար աղետի մասին, տեր կանգնելու արցախահայության իրավունքների պաշտպանությանն ու պատրաստ լինելու այդ ուղղությամբ անհրաժեշտ գործողություններ իրականացնելու:

Սիրելի՛ հայրենակիցներ, մեր պայքարը շարունակական է, հայրենի հողում ապրելու կամքը՝ անկոտրում»,-ասվում է ԱՀ ԱԺ հայտարարության մեջ։

Նշվում է նաև, որ բնապահպաններ ներկայացողների պահանջները և գործողությունները զուրկ են փաստարկված հիմնավորումներից, քանի որ Արցախի Հանրապետության կողմից նախորդ 30 տարիներին հարևան ադրբեջանական տարածքների ու այնտեղ ապրող բնակչության հանդեպ որևէ էկոլոգիական սպառնալիք չի արձանագրվել, ինչը խոսում է Արցախի Հանրապետության` որպես պատասխանատու և միջազգային իրավունքի նորմերը հարգող սուբյեկտի մասին:

«Արցախի Հանրապետության Ազգային ժողովը փաստում է, որ Ադրբեջանի ռազմաքաղաքական իշխանությունների այս գործելաոճը ձեռք բերված պայմանավորվածությունների, միջազգային պարտավորությունների, միջազգային իրավունքի սկզբունքների ու նորմերի կոպտագույն խախտում է, որը սպառնում է Արցախին հումանիտար ճգնաժամով՝ ցեղասպանության եզրին հասցնելով մեր ամբողջ ժողովրդին»,-ասվում է հայտարարության մեջ։

Դեկտեմբերի 12-ին` ժամը 10։30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը խախտելով 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները:

Դեկտեմբերի 10-ին, ադրբեջանական կողմը, հիմք ընդունելով ՌԴ խաղաղապահ զորակազմի հրամանատարությանը նախապես ուղղված՝ Մարտակերտի շրջանի հանքավայրերում դիտարկում անցկացնելու գրությունը, ծրագրում էր այցելել Դրմբոնի և Կաշենի հանքավայրեր։ Խաղաղապահ զորակազմի հրամանատարության կողմից, համաձայն իրենց վերադաս մարմինների հրահանգի, թույլատրվել է մեկանգամյա տեսողական այց վերը նշված հանքավայրեր։ Սակայն, տեղում, հանքի աշխատակիցների և հարակից համայնքների բնակիչների կողմից ինքնաբուխ կերպով արգելափակվել է ադրբեջանական խմբի մուտքը հանքավայրերի տարածք։

Դեկտեմբերի 3–ին Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում քաղաքացիական հագուստներով մի խումբ ադրբեջանցիներ բնապահպանական պատճառաբանությամբ փակել էին Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։ Միջադեպի մասին տեղեկացվել էին ռուս խաղաղապահները։ Ադրբեջանական կողմի հետ ավելի քան երեք ժամ տևած բանակցություններից հետո նրանց միջնորդությամբ Արցախը Հայաստանին կապող միակ մայրուղին երկկողմանի բացվեց։