13 դեկտեմբերի 2022 - 15:53 AMT
ԱՀ նախագահ․ Արցախի իշխանությունն ունի կարմիր գծեր, որոնք չի խախտելու

Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանը մասնակցել է ԱՀ Ազգային ժողովի արտահերթ նիստին, որը հայտարարություն է ընդունել ժողովրդին սպառնացող հումանիտար աղետը կանխելու մասին:

Իր ելույթում նա ներկայացրել է ԱՀ շուրջ ստեղծված ռազմաքաղաքական իրավիճակը ՝ շեշտելով, որ Արցախի Հանրապետության իշխանությունը, Ադրբեջանի հետ երկխոսության պատրաստ լինելով հանդերձ, ունի կարմիր գծեր, որոնք չի խախտելու:

Խորհրդարանի բարձրագույն ամբիոնից նա կոչով դիմել է համայն հայությանը և միջազգային հանրությանը՝ ժամ առաջ արձագանքելու Ադրբեջանի՝ պետական մակարդակով կազմակերպված ահաբեկչական գործողություններին, որոնք կեղծ պատրվակների տակ իրականում ուղղված են Արցախը հայաթափելուն և հումանիտար մեծ աղետ ստեղծելուն։

«Մեր ժողովուրդն անկոտրում է իր սեփական հայրենիքում ազատորեն ապրելու պայքարում»,- ասել է նա:

Դեկտեմբերի 12-ին` ժամը 10։30-ի սահմաններում, ադրբեջանական կողմը խախտելով 2020-ի նոյեմբերի 9-ի եռակողմ համաձայնագրի դրույթները, բնապահպանական պատճառաբանություններով փակել է Արցախն աշխարհին կապող կյանքի միակ ճանապարհը՝ ոտնահարելով քաղաքացիական բնակչության կենսական շահերն ու իրավունքները: