Կենտրոնական բանկի նախագահ Մարտին Գալստյանը հայտարարել է, որ ԿԲ-ն 2022-ի համար 12.9% տնտեսական աճ է կանխատեսում։ Նրա խոսքով՝ ծառայությունների ոլորտում ակնկալվում է 18.8%-ի աճ՝ նախկին 19.4%-ի փոխարեն, իսկ շինարարության ոլորտի աճը 14.1% -ից բարձրացվել է 20.1%-ի:
Ինչ վերաբերում է գնաճին, ապա, ըստ ԿԲ նախագահի, որոշակի արագացում կլինի դեկտեմբեր ամսին, սակայն մի փոքր ավելի ցածր, քան նախկինում ակնկալվում էր, գրում է Panorama.am-ը։
«Այս պահի դրությամբ՝ մեր կանխատեսումը տարվա համար 9-9․5%-ի միջակայքում է», - հավելել է Մարտին Գալստյանը։
Ըստ նրա՝ համաշխարհային տնտեսությունում տնտեսական ակտիվության դանդաղման միտումները շարունակվում են: Այնուամենայնիվ, ՀՀ հիմնական գործընկեր երկրներում ընդլայնված պահանջարկից և բարձր գնաճային սպասումներից ածանցվող գնաճային միջավայրը դեռևս պահպանվում է:
«Ուստի, զարգացած երկրների կենտրոնական բանկերը առաջիկայում ևս կշարունակեն խստացնել դրամավարկային պայմանները: Գործընկեր երկրներում դրամավարկային պայմանների հետևողական խստացումը կնպաստի համաշխարհային պահանջարկի թուլացմանը և միջազգային ապրանքահումքային շուկաներում գների որոշակի ճշգրտմանը: Արդյունքում՝ համաշխարհային տնտեսությունից ՀՀ տնտեսության վրա ակնկալվում է գնաճային ազդեցությունների թուլացում»,- ասել է Գալստյանը։
Նա նաև հայտնել է, որ ԿԲ գնահատականների համաձայն՝ կանխատեսվող հորիզոնում ներմուծվող պարենային ապրանքների գների աճը որոշակիորեն կդանդաղի:
Միաժամանակ նշվել է, որ ԿԲ-ի կանխատեսմամբ` գնաճը Հայաստանում աստիճանաբար կնվազի և 2023 թվականի երկրորդ կիսամյակում կլինի 4 տոկոսի միջակայքում։