15 դեկտեմբերի 2022 - 10:16 AMT
ՊՆ․ Ադրբեջանցիները կրակ են բացել Նորաբակի և Սրաշենի ուղղությամբ

Դեկտեմբերի 15-ին՝ ժամը 01:10-ի սահմաններում, Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից կրակ են բացել Նորաբակի և Սրաշենի ուղղությամբ տեղակայված հայկական դիրքերի ուղղությամբ:

Հայկական կողմը կորուստներ չունի, հայտնում է Պաշտպանության նախարարությունը։

Դեկտեմբերի 15-ի՝ ժամը 08:30-ի դրությամբ, իրադրությունն առաջնագծում հարաբերականորեն կայուն է:

Հայ-ադրբեջանական սահմանագոտում իրադրությունը սեպտեմբերի 13-ի ադրբեջանական ագրեսիայից հետո մնում է լարված։

Նոյեմբերի 29-ին՝ ժամը 17:50-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել զինծառայող Ա. Զ.-ն: Նոյեմբերի 23-ին՝ ժամը 13:20-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված հայկական մարտական դիրքում հակառակորդի կրակոցից հրազենային վիրավորում է ստացել զինծառայող Ռ. Ա.-ն:

Սեպտեմբերի 13-ին՝ ժամը 00:05-ից Ադրբեջանի ԶՈւ ստորաբաժանումները Գորիսի, Կապանի, Ջերմուկի, Վարդենիսի, Սոթքի ուղղությամբ խոշոր տրամաչափի հրաձգային զինատեսակներից սկսել են ինտենսիվ կրակ վարել հայկական դիրքերի ուղղությամբ, կիրառվել են նաև ԱԹՍ-ներ, հրետանի, ականանետեր՝ թիրախավորելով թե ռազմական, և թե քաղաքացիական ենթակառուցվածքները։ Սեպտեմբերի 14-ի երեկոյից հրադադար է հաստատվել, սակայն իրավիճակը շարունակում է մնալ լարված։